ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ կարգավորման նպատակն է ապահովել արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողությունը՝ սահմանելով օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև սահմանել, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումն իրականացվում է առանց ծանուցման:
Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասըհազարապատիկի չափով:
Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով: