Բժշկական համալսարանն արդեն երկրորդ անգամ Եվրամիության ամենահեղինակավոր՝ «Հորիզոն 20 20» ծրագրից դրամաշնորհ է ստացել: Համաշխարհային գիտական քարտեզում տեղորոշվելու հարցում սա Հայաստանի համար նոր հորիզոն կբացի: Գործնական քայլեր արդեն կան: Հոլանդացի և Ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ նոր՝ սեր քոլ կոչվող սարք են մշակել ու արյան նմուշառման այլընտրանք են առաջարկում:
Կոնստանտին Ենկոյան, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր - Կարծես թե լաբորատորիան գնում է տուն: Կարիք չունեք գնալ լաբորատորիա: Դուք տանն ինքներդ ծակում եք մատը, արյունը հավաքվում է, ինքներդ տանում եք լաբորատորիա կամ փոստով ուղարկում եք լաբորատորիա:
Սարքը հնարավորություն կտա ազատվել ավելորդ թափոններից, զբաղված մարդկանց էլ՝ առանց ժամանակ կորցնելու հենց տանն արյան նմուշառում անել ու հետազոտության համար լաբորատորիա ուղարկել: Նմուշառման ճիշտ ձևն էլ մատչելի տարբերակով ներկայացրել են նկարահանված ու հայերեն թարգմանված տեսահոլովակում: Այն քյուառկոդի միջոցով հնարավոր է տեսնել նաև բջջայինով:
Կոնստանտին Ենկոյան - Ինքը բավականին կայուն է, 2-3 տարվա ընթացքում սենյակային ջերմաստիճանում չի փչանում:
Սա համաշխարհային առումով հեղափոխական ծրագիր է: Առաջին անգամ Հայաստանը գիտական ու բժշկական հանրույթին հանդես կգա որպես նորորություն ստեղծող երկիր:
Կոնստանտին Ենկոյան - Քանի որ դիրքավորվում ենք որպես ուղեղի մասնագետներ, փորձում ենք որոշել տարբեր տեսակի վիրուսների ազդեցությունը տարեցների, Պարկինսոնի հիվանդների, աուտիկ հիվանդների շրջանում:
Այսպես հետազոտությանը կտան գիտական նշանակություն՝ ուսումնասիրելով սաղմնայինից մինչև ծերունական հիվանդություններ: Կփորձեն սարքի միջոցով նաև հորմոններ որոշել: Ծրագրի վերջնաժամկետը մինչև այս տարվա վերջ է, իսկ առայժմ կշարունակեն փորձարկել սարքի կլինիկական արդյունավետությունը:
Այստեղ այս հաջողությամբ չեն սահմանափակվելու: Մտադիր են «Հորիզոն 20 20»-ին նոր նախագիծ ներկայացնել ու դրամաշնորհային քարտեզում նոր ռեկորդներ սահմանել: