Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, համեմատական անցկացնելով կորոնավիրուսով վարակվածության և պատվաստման ելքերի վիճակագրության միջև, նկատել է, որ առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Սա վկայում է պատվաստման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց լինելու մասին, և պետական քաղաքականությունը պետք է միտված լինի պատվաստումների ծավալի ավելացմանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է այս դիտարկման իրավացիությունը՝ ընդգծելով, որ պետք է հանրային լայն իրազեկում իրականացնել, խթանել պատվաստումային գործընթացը, որի առաջամարտիկը պետք է լինեն պետական կառավարման համակարգը և բժշկական հաստատությունները:
Քննարկման առարկա են դարձել պատվաստումային գործընթացի խթանմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, տնտեսական գործունեության և զբոսաշրջային ակտիվության համար անհրաժեշտ վերահսկողական միջոցառումների ապահովմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը, միջգերատեսչական ակտիվ համագործակցությամբ, քննարկել հնչած գաղափարները, առաջարկները և մոդելավորված լուծումներ մշակել: