Բրիտանական Evening Standard պարբերականի միջոցով հանրությանը պարզ դարձավ, թե իրականում ով է իսպանական Իբիցա կղզում «Միքայելա և ընկերներ» երեկույթների կազմակերպիչը՝ ներկայացնում է occrp.org-ը: «Միքայելա Ջավ» կեղծանունը կրողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհի Իզաթ Խանըմ Ջավադովան է: Վերջին մի քանի տարին Իզաթն ու ամուսինը՝ Սուլեյման Ջավադովը, եղել են Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) ուշադրության կենտրոնում՝ միլիոնավոր ֆունտ ստեռլինգների պատճառով, որոնք ստացել են կոռուպցիայի, գողության և հափշտակումների միջոցով:
Անցյալ տարի Evening Standard-ը պարզել էր հետաքննության տվալները, որոնց համաձայն՝ «ադրբեջանցի զույգը» ստացել է կասկածելի ծագմամբ 13,9 միլիոն ֆունտ ստեռլինգ (գրեթե 19,6 միլիոն ԱՄՆ դոլար):
Իրենց բրիտանական հաշիվներում միջոցներ ստանալու համար Ջավադովներն օգտագործել են 20 օֆշորային ընկերության ցանցը՝ հայտնում է NCA-ն:
Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության քննիչները պարզել են, որ այդ ընկերություններից վեցը հանդիսանում են «Ադրբեջանական լվացքատան» մի մասը՝ հսկայական ֆինանսական մեխանիզմ, որը բացահայտվել է 2017 թ.: Համակարգը թույլ է տվել Ադրբեջանի իշխող վերնախավին միջոցներ հափշտակել, խուսափել հարկերից, փողեր լվանալ, եվրոպական խորհրդարանականներին կաշառք տալ, ապօրինի միջոցները Ադրբեջանից տեղափոխել Արևմուտք, որտեղ էլ դրանք օգտագործել գույք ձեռք բերելու և շքեղ կյանք ապահովելու համար:
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ադրբեջանցի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են օգտվել այդ լվացքատնից:
Չնայած Իզաթ Ջավադովան և Սուլեյման Ջավադովը Ադրբեջանի բարձրաստիճան դեմքեր չեն, բայց Իզաթի հանգուցյալ հայրը եղել է խորհրդարանի անդամ, իսկ Սուլեյմանի հայրը մինչև անցյալ տարի էներգետիկայի փոխնախարարն էր:
Ջավադով զույգը քննիչներին ասել է, թե այդ գումարները գոյացել են Ադրբեջանում իրենց սեփականությունների վարձակալության արդյունքում: Սակայն Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը դատարանին տեղեկացրել է, որ ոչ մի իրական եկամուտ չի համապատասխանում այն մեծ գումարներին, որոնք ուղարկվում են Լոնդոն:
Հուլիսին սկսվելու է Ջավադովների դատը, և դատարանը պետք է որոշի բրիտանական բանկերում պահվող 6.5 մլն ֆունտ (9,2 մլն դոլար) ստեռլինգի ճակատագիրը: Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունն այդ հաշիվները սառեցրել է: Զույգը շարունակում է հերքել ներկայացված մեղադրանքները: