Վերջին շրջանում տպավորություն է, թե Արևմուտքն՝ ընդհանրապես, իսկ Եվրոպան՝ մասնավորապես, փոխում է Հարավային Կովկասում իր մարտավարությունը։ Համենայնդեպս, եթե հիշենք Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Եվրոպայի մտահոգ անհաղորդությունը (բացառությամբ Ֆրանսիայի), ապա այդ համապատկերում տարբերությունն ակնբախ է։ Ընդ որում՝ խոսքը չի վերաբերում Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո քաղաքական իշխող ուժի ղեկավարին հասցեագրված բազմաթիվ շնորհավորանքներին ու դրանցում տեղ գտած հիմնական երկու թեզերին՝ ընտրությունների արդյունքները Եվրոպան վիճարկելի չի համարում և կարևորում է Հայաստանում ժողովրդավարության հետագա խորացումն ու բարեփոխումների շարունակականությանը։
Թերևս, վերջին շրջանում Եվրոպայի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ արտահայտել էր Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը, որը մինչ Հարավային Կովկաս Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի տարածաշրջանային այցը Բուխարեստի օդանավակայանում հայտարարել էր, թե «այցը Եվամիության կողմից հստակ ազդակ է, որ մենք չենք թողնելու տարածաշրջանը այլ խաղացողների», ճիշտ է՝ չմասնավորեցնելով, թե կոնկրետ «ի՞նչ» խաղացողների նկատի ունի։ Կարելի է միայն ենթադրել, որ ակնարկն ուղղված էր նախևառաջ Պեկինին, որը վերջին շրջանում չի թաքցնում իր մեծ հետաքրքրությունը Մեծ Մերձավոր Արևելքի նկատմամբ՝ ընդհանրապես, և Հարավային Կովկասի նկատմամբ՝ մասնավորապես։
Հասկանալի է նաև, որ պաշտոնական Բրյուսելի համար տարածաշրջանում այս պահին եղած լրջագույն խնդիրը Արցախյան հակամարտությունն է, ավելի ճիշտ՝ դրա չկարգավորված լինելու հանգամանքը։ Սա բավական լուրջ անհարմարություններ է պատճառում Բաքվին, որը ցանկացած առիթով հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի, և, հետևաբար, կարգավորելու որևէ բան նույնպես չկա։ Ընդ որում՝ արդեն տպավորություն է, թե Եվրոպացի պաշտոնյաները Արցախյան խնդրի կարգավորված լինելու՝ Բաքվի այս համառությունը սկսել են մեկնաբանել որպես առողջ բանականությունը շրջանցելու և այլընտրանքային իրականություն ստեղծելու յուրահատուկ փորձ և այդ իսկ պատճառով ամեն անգամ իրենց հայտարարություններով աշխատում են Ադրբեջանին վերադարձնել իրական աշխարհ։ Իսկ այդ աշխարհում, ի դեպ, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն շուրջ հինգ օր առաջ Ադրբեջանին կրկին կոչ արեց ազատել հայ ռազմագերիներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսելով բանակցությունները՝ հասնել խնդրի քաղաքական լուծման:
Եթե փորձենք ամփոփել, ապա կստացվի, որ Միացյալ Եվրոպան հասկացել է, որ 2020 թվականի ամբողջ ընթացքում իր դրսևորած պասիվության արդյունքում Բրյուսելը գրեթե դուրս է մղվել հարավկովկասյան տարածաշրջանից և հիմա փորձում է վերականգնել կորսված դիրքերը։ Ճիշտ է, հանուն արդարության պետք է նշել, որ դրա համար անհրաժեշտ Եվրոպական գործիքակազմը առանձնապես հարուստ չէ, և Բրյուսելը փորձում է գործը գլուխ բերել քաղաքական ու դիվանագիտական փափուկ ուժի կիրառմամբ։ Թե որքանով սա կարող է արդյունավետ լինել՝ ցույց կտա ժամանակը։ Բայց փաստը, որ Եվրոպան չի համակերպվել Հարավային Կովկասում «խաղից դուրս» մնալու գաղափարի հետ, փոքր-ինչ հուսադրող է։