100 տուն Արցախում՝ Ստեփանակերտից 16 կմ հեռավորությամբ Ասկերանի Դահրավ գյուղի մոտակայքում զրոյից ստեղծվող նոր բնակավայրում: Նախաձեռնությունը մեկնարկել է Հանրային հեռուստաընկերության, «Ապրելու Արցախ» հիմնադրամի և մի շարք գործընկերների գործակցությամբ: Շինաշխատանքների ընթացքից սկսած, Առաջին ալիքը լուսաբանումներով ապահովելու է ամբողջ նախագծի թափանցիկությունը:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Հանրայինի աշխատակիցների ուժերով կառուցվելու է առաջին տունը, իսկ դրա համար գումարը Հանրայինը հատկացրել է քաղաքական գովազդից առաջացած բյուջեից, որը վերջին ընտրությունների ընթացքում հավաքվեց:
Նախատեսվում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրենց տունը կորցրած արցախցի 100 ընտանիքի համար էկո տները կկառուցվեն մի քանի ամսում՝ փուլային: Այս հարցում կարևոր է համայն հայության աջակցությունը. նախագիծը կհաջողի յուրաքանչյուրիս անհատական ջանքերի շնորհիվ՝ ասում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի տնօրենը: Օնլայն նվիրատվությունների ու բանկային փոխանցումների միջոցով կարող ենք իրականացնել մեր հանգանակությունը apreluartsakh.am եռալեզու կայքի միջոցով: Նվիրաբերությունները կարող են կատարվել և՛ հրապարակային, և՛ գաղտնի: Բանկային փոխանցումները հնարավոր են իրավաբանական, ֆիզիկական անձանց միջոցով Հայաստանից ու արտերկրից:
Մեսրոպ Առաքելյան («Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն) - Ակտիվությունը դեռ սկզբնական փուլում է, այս պահին դեռ մոտ 5 միլիոնից մի փոքր ավելի գումար է հավաքվել: 100 տուն պարունակող բնակավայրն իր ենթակառուցվածքներով ունենալու համար կպահանջվի շուրջ 3 միլիոն դոլար: Հուսով ենք, որ առաջիկայում արդեն կունենանք հնարավորություն աշխատանքները նաև ավելի ակտիվ սկսել:
Այս փուլում արդեն պատրաստ է նաև նախագծային պլանը, թե նոր կառուցվող բնակավայրն ինչ տեսք կունենա: Շինաշխատանքները սկսվելու են հուլիսի 7-ից:
Սամվել Մովսիսյան («100 տուն Արցախում» ծրագրի համանախաձեռնող) - Դպրոցը, մանկապարտեզը և ընդհանուր տներն են այստեղ, ու նաև նախատեսված է տարբեր զրուցարաններ փողոցների սկզբնամասում:
Թաղամասի էսքիզային պլանը կազմելու հարցում ընտրվեց ընկերություն. թիմը հենց Արցախից է: Տներն արագ կառուցվող են՝ ձմռանը տաք, իսկ ամռանը՝ հով:
Սամվել Մովսիսյան - Շատ ու շատ մեր հայրենակիցներ և՛ սփյուռքից, և՛ Հայաստանից հետաքրքրված են իրենց ընկերության փոքրիկ ծրագրերը տեղափոխել գյուղ, որպեսզի կարողանանք գյուղի երիտասարդների և պատանիների զբաղվածությունն ապահովել, որպեսզի իրենք մնան և ապրեն Արցախում, քանի որ այսօր շատ կարևոր է յուրաքնաչյուրի այնտեղ լինելը, դրանով է պայմանավորված Արցախի զարգացումը:
Շահառուների ներգրավման հարցով զբաղվում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը:
Մանե Թանդիլյան (Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար) - Արցախը ապագա ունի, և Արցախը հայերով է ապրելու հայերեն, հետևաբար այս նախաձեռնությունը միտված է բազմազավակ ընտանիքներին, Ասկերանի շրջանում բնակվել ցանկացողներին: Մենք շահառուների հետ արդեն աշխատանք ենք տարել: 100-ից ավելի են այն ընտանիքները, որոնք Ասկերանի շրջանում բնակվելու ցանկություն են հայտնել, բայց մենք այս փուլում 20 ընտանիքի հետ արդեն հատուկ կապ ենք հաստատել և համաձայնություն ունենք, որ հենց այս տիպի տներում պատրաստ են ապրել:
Նոր դիմումների և արդեն եղած տվյալների հիման վրա շահառուների ընդգրկման աշխատանքը շարունակվում է: Սկսած տան հիմքից մինչև բնակարանամուտ՝ Առաջին ալիքի հեռուստադիտողն ականատես է լինելու ամբողջ գործընթացին: Հանրայինի եթերում կլինի հեռուստահաղորդում, շաբաթը մի քանի անգամ օրագրեր, իսկ շաբաթվա վերջում՝ հիմնական հաղորդմանը, անդրադարձ կարվի տվյալ շաբաթվա աշխատանքներին: Հեռուստատեսային հաղորդումը նաև երաշխիք է թափանցիկության, որ մարդիկ, որոնք գումար են փոխանցելու «Ապրելու Արցախ» հիմնադրամին, տեսնեն, թե ինչպես է ծախսվում իրենց փոխանցած գումարը:
Հովհաննես Մովսիսյան - Շատ եմ կարևորում, որ մեր քաղաքացիներն իրենք հենց գան այս գյուղի տարածք և իրենք օգնեն մեզ՝ տարբեր աշխատանքներում, ինչով որ կարող են: Այսինքն՝ պարտադիր չէ միայն գումար փոխանցել, կարևոր է նաև մասնակցությունը, որպեսզի այդ քաղաքացիները գան հենց տեղում օգնելու այս գյուղի կառուցմանը, քանի որ մենք նախատեսում ենք, որ հենց այդ գյուղի ապագա բնակիչներն ու այդ տների ապագա տերերը նույնպես մասնակցելու են շինաշխատանքներին և նույնպես օգնելու են այս գյուղի կառուցմանը:
Հեռուստատեսային հաղորդումը վարելու է Սոս Ջանիբեկյանը: Նա հենց Արցախից կներկայացնի վերածնվող կյանքը ու բնակավայրում իրականացվող ամենօրյա աշխատանքը: Ջանիբեկյանն արդեն եղել է ապագա գյուղի տարածքում:
Սոս Ջանիբեկյան (դերասան, հաղորդավար) - Երբ գնացինք, տեսանք ապագա գյուղ-քաղաքը, մի հրաշք վայր էր, թե որտեղ էր արևը բարձրանում, որտեղ էր մայր մտնում, ընդհանուր մակերեսի հարթությունը, էներգիան, միջավայրը, մթնոլորտը: Տպավորված եմ շատ:
Ջանիբեկյանը կարծում է՝ չկա մի հայ, որը չոգևորվի այդ ծրագրից: Արդեն հասցրել է նաև հարակից գյուղերի երեխաներին հանդիպել, շփվել. նրանց առօրյան ևս դիտակետում կլինի, քանի որ տարածքում նաև տարբեր մշակութային միջոցառումներ են նախաձեռնելու:
Մեսրոպ Առաքելյան - Ընդ որում՝ բացի այն լուսաբանումից, որ Առաջին ալիքն իրականացնելու է շինաշխատանքների վերաբերյալ իրական ռեժիմով և նաև նվիրատուի կողմից իրականացվող նվիրատվությունների վերաբերյալ, ֆինանսական հաշվետվությունները նույնպես պարբերաբար ներկայացվելու են թափանցիկության նպատակով՝ միևնույն ժամանակ Առաջին ալիքը նաև հնարավորություն է տալու իրավաբանական անձանց և՛ բիզնես գործունեությունը, և՛ ներդրումը Արցախին լուսաբանվի Առաջին ալիքի միջոցով:
Սամվել Մովսիսյան - Խնդրում եմ յուրաքանչյուրին, որպեսզի միանան այս կարևոր նախաձեռնությանը, միասնաբար նվիրենք այս տները մեր հայրենակիցներին, խնդրենք, որպեսզի իրենք մնան և զարգացնեն Արցախը, և մենք մեր լավագույնն անելով՝ կարողանանք միասնաբար առաջ շարժվենք:
Փոքրիկ հանգանակությունն անգամ կամ տեղում աշխատանքներին մասնակցելը մեծ նշանակություն կարող է ունենալ, որ նոր ստեղծվող բնակավայրում իրենց տունը վերագտնեն բազմաթիվ արցախցիներ: