Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը շահագրգռված չեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի խորացմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիների հետ ուղիղ կապի ժամանակ:
«Եթե բոլորս խաղաղ ու բարեկամաբար ապրենք, կկարողանանք պայմաններ ստեղծել մարդկանց կյանքը բարելավելու համար, և ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության ու սոցիալական ոլորտներում: Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի շատ լուրջ ճգնաժամի կարգավորման հարցում: Եվ ոչ ոք շահագրգռված չէ դրա խորացմամբ՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչները»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը հույս է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր է կարգավորել իրավիճակը տարածաշրջանում: Նրա խոսքով՝ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սահմանների սահմանազատումն ու ենթակառուցվածքների վերականգնումը: Դրանց լուծման համար ստեղծվել է եռակողմ խումբ Բաքվի և Երևանի հետ: