Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից՝ հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Փաստացի, առանց դրա՝ ԵՄ անդամ որևէ պետություն չէր կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Հիմա, երբ ԵՄ կառավարության՝ Եվրոպական խորհրդի կանաչ լույսն արդեն տրված է, անդամ պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն՝ երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:
«Ապահով» այդ երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Հայաստանից բացի՝ վաղվանից այդ ցանկում կլինեն մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համաճարակային իրավիճակը տվյալ երկրում վատթարանա:
Վրաստանը, օրինակ, անցած տարի հուլիսին առաջիններից մեկն էր ներառվել «կանաչ» երկրների ցանկում, սակայն, ամիսներ անց՝ համաճարակի երկրորդ ալիքից հետո, դուրս մնաց ցանկից: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթվանից ԵՄ անդամ պետությունները կհայտարարեն՝ ցանկում ներառված որ երկրի համար երբվանից և ինչպես են բացում սահմանները:
Ցանկացած որոշման դեպքում Հայաստանի քաղաքացիները պարտավոր են հետևել հակահամաճարակային ընդհանուր պահանջներին՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել կամ հավաստել, որ պատվաստվել են համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով: