ԱՄՆ իշխանությունները հետաքննում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հնարավոր ներգրավվածությունը Թուրքիայի շահերին ուղղված լոբբիստական գործունեությանը: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները:
Ըստ գործակալության՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ավելի քան մեկ տարի հետաքննում է՝ արդյոք Ջուլիանին 2017-ին ազդե՞լ է Թրամփի վրա: Ամերիկյան իշխանություններին հետաքրքրում է հատկապես այն հարցը, թե արդյոք նա փորձե՞լ է հետ վերցնել փողերի լվացման մեղադրանքները, որ ներկայացվել էին ԱՄՆ-ում իր հաճախորդներից մեկի՝ ոսկու թուրք վաճառական Ռեզա Զարրաբի նկատմամբ: Բացի դրանից՝ ենթադրվում է, որ Ջուլիանին փորձել է համոզել Թրամփին ԱՄՆ-ից արտաքսել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին: