Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով․ դատարանն սպասելու է ՍԴ որոշմանը:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է դատական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը, որ ընդգրկված են «Հայաստան» դաշինքի ցուցակում, պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։
Հայտարարվեց 30 րոպե ընդմիջում, որից հետո պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշումը, որում նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։
Պաշտպանը հիշեցրեց, որ ԿԸՀ որոշման հետ կապված «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ պարզ չէ, թե փաստաբանի ներկայացրած փաստաթղթերն ինչի համար են: «Սահմանադրությունը քրեական հետապնդում հարուցելու հետ է կապում անձեռնմխելիությունը և դրա հաղթահարումը: Ու քանի որ պարզ չի, ուրեմն մենք չգիտենք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, որ դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտենք: Եթե դատարանն ավելի պարզ կդարձնի, թե փաստաթղթերը, որ ստացավ, ինչի համար ստացավ, դրանք ինչ նշանակություն ունեն, ինչ կապ ունեն այս գործի հետ, և դատարանն ինչ մտահոգություններ ունի, դիրքորոշում կհայտնենք»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ պատգամավորի համար Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրք սահմանում են քրեական հետապնդում հարուցելու համար անձեռնմխելիություն հաղթահարելու պահանջ: «Եթե դատարանը քրեական հետապնդում հարուցելու մասին ձևակերպումներում խնդիր էր տեսնում, ապա վաղուց պետք է տեսներ, քանի որ Արմեն Գևորգյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատգամավորի թեկնածու են բավական ժամանակ, այդ ընթացքում դատական նիստեր ենք ունեցել, քրեական հետապնդում է շարունակվել ու պետք է շարունակվեր»,- նշեց դատախազը:
Դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ նշանակելով հաջորդ նիստը օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։