Արցախի խորհրդարանը կողմ է քվեարկել ««Ռազմական դրության իրավականի ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Այն հնարավորություն է տալիս կառավարությանը ռազմական դրության ժամանակ օգտագործել քաղաքացու կամ իրավաբանական անձին պատկանող գույքը՝ սահմանված վճարի դիմաց:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների, եթե ԱՀ տիրապետության ներքո գտնվող գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, խնդրի հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Հարցն օրակարգ է մտել, երբ ընթացիկ տարվա մարտին մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտում փողոց են փակել՝ պահանջելով տեղահանվածների համար օգտագործել ազատ բնակարանները:
Արթուր Օսիպյան («Իմ իրավունքը» քաղաքացիական շարժման նախաձեռնող) - Որ ճանապարհ ենք փակել, ուղղակի մեզ այլ տարբերակ մեզ չեն թողել:
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանող գույքի օգտագործումը պետք է լինի հիմնավոր: Ի դեպ, օրենքը թույլ է տալիս գործադիրին նաև հարկադրաբար վերցնել գույքը:
Հայկ Խանումյան - Գույքի օրինական տիրապետողին ներկայացվում են անհրաժեշտ գույքը, գույքի անվանումը, անհատականացնող հատկանիշները, անշարժ գույքի դեպքում՝ գտնվելու վայրը, գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը և նպատակը, եթե դրանք գաղտնիք չեն, գույքի օգտագործման դիմաց վճարելու և գույքը վերադարձնելու, անհնարինության դեպքում՝ փոխհատուցելու ԱՀ պարտականությունը:
Դաշնակցությունից Արթուր Մոսիյանը դեմ չէ, որ Արցախում նման օրենք գործի: Բայց կարծում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումները պետք է տեղ գտնեն հենց օրենքում:
Արթուր Մոսիյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Դա օրենքով չենք կարգավորում՝ կառավարության որոշմամբ կամ նախագահի հրամանագրով, այսինքն՝ օրենքից ցածր իրավական ակտով ենք կարգավորում: 10 օրը մեկ կարող է այդ կարգը փոփոխության ենթարկվի:
Հայկ Խանումյանն ընդունել է պատգամավորի մտահոգությունը, բայց ժամանակը սուղ է: Կարծում է, որ թերություններն առավել նկատելի կլինեն օրենքը կիրառելիս:
Հայկ Խանումյան - Մտահոգությունները տեղին են և ընդունելի, և, ընդհանրապես, իրավունքների սահմանափակումները լուրջ խնդիրներ են առաջացնում, բայց իրավիճակը սա է, և գնում ենք սրան: Կարող է այս սահմանափակումը որպես մահակ էլ օգտագործվի՝ ինչպես երեկ քննարկեցինք, կարող է ծառայի իր բուն նպատակին՝ խնդիր լուծելու համար:
«Արդարություն» խմբակցությունից Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքի նախագիծը հարվածում է Սահմանադրության հիմքերին, ժամանակ է պետք, որ այն լրամշակեն: Ի պատասխան՝ խորհրդարանի նախագահը հիշեցրել է, որ օրինագիծն առաջին անգամ կառավարությունը ներկայացրել է հունիսի 11-ին:
Կարեն Հովհաննիսյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Կարծիք չստեղծվի, թե ես դեմ եմ, որ մեր տարհանված, տեղահանված բնակիչները սեփական ծածկ ունենան: Քավ լիցի, բայց օրենքը, այն էլ՝ այս կարգի օրենքը, որ Սահմանադրության հիմքերին է խփում, եկեք ավելի լուրջ մոտենանք և ավելի խորքային լրամշակենք, մշակենք, հասկանանք:
Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Այնքան անտարբերություն է եղել այս օրենքի նախագծից հետո, երբ հետաձգվել է, որ որևէ մեկը, որևէ խմբակցություն այդ հարցով ինձ չեն դիմել: Ես նույնիսկ կարծում էի, սպասում էի, որ խմբակցությունները կասեն՝ հանրային քննարկում կատարենք, որովհետև խորհրդարանում ներկայացված ուժերը բավարար չեն:
Արցախի խորհրդարանի ընդդիմությունը չի մասնակցել օրինագծի քվեարկությանը:
Օրենքի նախագիծն ընդունվել է 24 կողմ ձայնով: