Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի. 15 տարի կառույցը ղեկավարելուց հետո ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին փոխարինում է մեկ այլ ակադեմիկոս: Ակադեմիայի ընդհանուր ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ու 5 տարի ժամկետով Աշոտ Սաղյանին ընտրեց նախագահ, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներն էլ վերընտրվեցին: Ակադեմիայի անդամների որոշմամբ ԳԱԱ արդեն նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվեց ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական: Սաղյանի խոսքով՝ ինքն անձամբ Մարտիրոսյանի խորհուրդների կարիքն ունի: Ակադեմիայի նորընտիր նախագահը պատրաստվում է օպտիմալացնել համակարգը:
Աշոտ Սաղյան, ՀՀ ԳԱԱ նախագահ - Պետք է, առաջին հերթին, նորից իրականացվի մոնիթորինգ, և օպտիմալացումը պետք է կատարվի ոչ թե ինքնանպատակ, այլ բովանդակային, ճիշտ և ամեն մի կոնկրետ դեպքի համար պետք է քննարկել, թե որ ինստիտուտները և միավորման դեպքում որ մոդելն են ընտրում:
Աշոտ Սաղյանի խոսքով՝ այն անելու են ռազմաարդյունաբերական ոլորտը զարգացնելու, անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համար: Պետական միջոցներով, թե նպատակային ծրագրերով, կապ չունի, Սաղյանն ասում է՝ սա իր ռազմավարական ծրագրի առաջնային քայլերից է:
Աշոտ Սաղյան - Իրոք, խնդիրը դժվար է: Մենք երկար ժամանակ ռազմական արդյունաբերությամբ չենք զբաղվել: Պետք է կարողանանք համեմատվել այն կազմակերպությունների, պետությունների հետ, որոնք իրականում ունեն նման կառուցվածք, արդյունաբերություն և տեսնենք, թե ինչ դիրքերում ենք գտնվում, ինչքան ենք հեռու դրանից:
ԳԱԱ նորընտիր նախագահի գլխավոր խորհրդական նշանակված Ռադիկ Մարտիրոսյանը, սակայն, այսօր էլ շարունակում է պնդել տարիներ առաջ արած իր այն հայտարարությունը, թե զենք արտադրելը փոքր երկրների համար չէ: Նա հայտարարել էր, որ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել զենքի շուկա, նման փորձի դեպքում կխփեն մեր քթին: Մարտիրոսյանի այս հայտարարությունը տևական ժամանակ քննարկեցին ու քննադատեցին նաև գիտնականները:
Ռադիկ Մարտիրոսյան, ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ - Իմ ասածը եղել է հետևյալը, որ մի երկիր իր համեստ ընդունակություններով, հնարավորություններով չի կարող պաշտպանության խնդիրներ լուծել, հետո էլ նույնիսկ առևտուր անել: Աշխարհում զենք վաճառում է ընդամենը 5 երկիր:
85-ամյա Ռադիկ Մարտիրոսյանը հիշեցնում է՝ քանի դեռ պետական պատվեր չկա, գիտությունից արդյունք ակնկալել պետք չէ: Իրեն ուղղված քննադատություններին հարցով է պատասխանում՝ որքան քիչ է ֆինանսավորումը, այնքան «տեսանելի է» արդյունքը:
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Սաղյանն ընդգծում է՝ Գիտությունների ազգային ակադեմիան բարեփոխումների և երիտասարդացման կարիք ունի: Լրացուցիչ՝ միջազգային ծրագրերով կփորձի ոլորտը գրավիչ, երիտասարդ գիտնականների համար ներկայանալի դարձնել: Բայց այստեղ էլ աշխատելու, վերանայելու հարցեր կան: