Ոռոգման ջրի պահանջով այսօր շիրակցիները փակել են Գյումրի-Երևան ավտոմայրուղին Բենիամին գյուղի հատվածում: Այս տարի Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնից առաջ անհրաժեշտ ծավալի ջուր չի կուտակվել, ինչի պատճառով էլ հացահատիկի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի հազարավոր հեկտար ցանքատարածություններ մնացել են անջրդի։
Մայրուղու փակված հատվածում ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվել է․ կուտակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ։ Ավելի ուշ տարածք է ժամանել Շիրակի մարզպետը։
Հողագործները Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո բացել են Երևան-Գյումրի ճանապարհը։ Շիրակի մարզպետը խոստացել է՝ ոռոգման հարցն այսօրվա ընթացքում կարգավորել։
«Ջրօգտագործողների ՓԲԸ-ի տնօրենի հետ խոսեցի, ասաց, որ Արփի լճից մաքսիմալ քանակով արդեն քանի օր է՝ բաց է, և ջուրը գալիս է դեպի այս տարածաշրջան: Բայց հաշվի առնելով, որ էլի կան գյուղեր, որոնք ոռոգման կարիք ունեն, դրված է գրաֆիկի՝ որ ժամին որ տարածաշրջանը պետք է ոռոգվի: Մեր գյուղացիները պատկերացնում են, որ պետք է այս պահին Կառնուտի ջրամբարը լիարժեք լցված լինի, բայց դա օբյեկտիվ պատճառներով անհնար է: Անընդհատ ջուրը գալիս է և չի ամբարվում, գնում է ոռոգման: Այդտեղից էլ գալիս է մարդկանց մտահոգությունը, որ չեն հասցնի ջրել»,- ասաց մարզպետը: