2021 թվականի հունիսի աննախադեպ շոգը, բարձր ջերմաստիճանը, ինչպես նաև մի քանի տարի անընդմեջ արձանագրվող գլոբալ կլիմայական փոփոխությունը ոռոգման համակարգում շարունակ խնդիրներ են ստեղծելու: Վարչապետի պաշտոնակատարն արձանագրում է՝ կաթիլային ու նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցում հապաղելու ժամանակ չկա:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Մեր գլոբալ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտում պետք է լինի, մասնավորապես, կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը, և այն, ինչ նախընտրական շրջանում խոստացել ենք, պետք է այդ ծրագիրը շատ արագ արդեն ներդնենք: Այսինքն՝ ընդհանրապես հապաղելու և հետաձգելու ժամանակ չկա:
Կլիմայական գլոբալ փոփոխությունների պայմաններում ավանդական ոռոգումն ապագա չունի, ասում է վարչապետը: Շատ արագ պետք է մեկնարկեն ջրամբարաշինական ծրագրերը, հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյան - Մենք նաև արձանագրել ենք ջրամբարների կառուցման և ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես պետք է շատ արագ սկսենք: Այսինքն՝ անհետաձգելի այդ գործընթացները, մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքը պետք է սկսել:
Մինչ ծրագրերը կյանքի կկոչվեն, վարչապետը վստահ է՝ օրենսդրությամբ որոշակի ընթացակարգեր նախատեսված են, և քննարկվել է, թե որքանով ենք այդ ընթացակարգերը կիրառելու, որպեսզի գյուղացիական տնտեսություններն անջուր չմնան:
Նիկոլ Փաշինյան - Ինչպիսի որոշումներ պետք է կայացնենք և ինչպես պետք է իրագործենք այդ որոշումները, որպեսզի ոռոգման ջրով կարողանանք ապահովել մեր գյուղացիական տնտեսությունները, և մեր գյուղատնտեսությունը, որի առումով բավական լավ տարվա մեկնարկ ունենք, մեծ պրոբլեմների առաջ չկանգնի, կամ այդ պրոբլեմները լինեն կառավարելի:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է համակարգված աշխատանք իրականացնի գյուղոլորտի խնդիրներին օպերատիվ արձագանքելու և միաժամանակ ինստիտուցիոնալ լուծումներ, զարգացման տրամաբանությամբ աջակցության ծրագրեր մշակելու ուղղություններով: