Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մեկ ամսով: Պատճառը՝ ամբաստանյալների՝ պատգամավորի կարգավիճակ ստանալու հավանականությունն է: Նիստի հենց սկզբում դատավոր Դանիբեկյանը սեփական նախաձեռնությամբ բարձրացրեց այս հարցն ու հայտարարեց՝ քանի որ Քոչարյանն էլ, Գևորգյանն էլ նոր խորհրդարանում կարող են մանդատ ստանալ, հետագա դատավարությունը շարունակելու հարցում հնարավոր է խնդիրներ առաջանան՝ կապված նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։
Հունիսի 20-ի արտահերթի արդյունքում «Հայաստան» դաշինքը նոր խորհրդարանում 29 մանդատ է ունենալու, ԿԸՀ այս որոշումը պաշտպանական կողմը ներկայացրեց դատարանին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքի ցուցակը, իսկ Արմեն Գևորգյանն այդ ցուցակի 5-րդ համարն է: Ու թեև դեռ հստակ չէ՝ Ռոբերտ Քոչարյանը կվերցնի՞ մանդատը, թե՞ ոչ, նրա պաշտպան Արամ Վարդևանյանն ասում է՝ այս դեպքում իրավական կարգավորումները հստակ են՝ պատգամավորն անձեռնմխելի է:
Եթե ամբաստանյալները մանդատ վերցնեն ու պատգամավոր դառնան, ըստ Վարդևանյանի, պետք է գործի հետևյալ մեխանիզմը՝ քննությունը պետք է կասեցվի՝ մինչև նրանց անձեռնմխելիության ավարտը, ու վերսկսվի միայն դրանից հետո: Պաշտպանը վստահեցրեց՝ պրակտիկայում նման դեպք եղել է, և արդարադատության իրականացումը դրանից չի տուժել:
Մեղադրանքը պաշտպանողները, սակայն, անհասկանալի են որակում դատական այս փուլում անձեռնմխելիության հարցի քննարկումը: Նիստը նախագահողի բարձրացրած հարցին ի պատասխան դատախազները պնդեցին՝ եթե անգամ ամբաստանյալները պատգամավոր դառնան, անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չի առաջանա:
Բաղդասարյանը հղում է անում Սահմանադրությանն ու բացատրում՝ անձեռնմխելիության հարց առաջանում է, երբ գործող պատգամավորի նկատմամբ պետք է իրականացվի քրեական հետապնդում, կամ նա պետք է զրկվի ազատությունից: Միայն այս դեպքերում է անհրաժեշտ խորհրդարանի համաձայնությունը՝ ասում է դատախազն ու շեշտում՝ Քոչարյանի ու Գևորգյանի պարագան այլ է, նրանք մեղադրյալի կարգավիճակ են ստացել երկու տարի առաջ, գործն էլ վաղուց նախաքննության փուլում չէ:
Չնայած դատախազների առարկությանը՝ Դանիբեկյանը հաջորդ նիստը նշանակեց օգոստոսի 3-ին՝ ակնկալելով, որ մինչև այդ պարզ կլինի 3 մլն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահի ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մեղադրվող Արմեն Գևորգյանի պատգամավոր դառնալ-չդառնալու հարցը: