ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանն իր ղեկավարման օրոք «երբեք միջուկային զենք չի ունենա»՝ փոխանցում է Politico պարբերականը:
Այս մասին Ջո Բայդենը հայտարարել է Սպիտակ տանն Իսրայելի հեռացող նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանը՝ վերահաստատելով ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սերտ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ ամերիկյան զինված ուժերը կիրակի օրը հրթիռակոծել էին Իրաքի ու Սիրիայի սահմանագծին տեղակայված իրանամետ օբյեկտները:
ԱՄՆ իշխանությունները փորձում էին բանակցությունների շնորհիվ կյանքի կոչել 2015-ին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը՝ Իրանում նախագահի ընտրությունների արդյունքում Էբրահիմ Ռայիսիի երկրի ղեկավար ընտրվելուց հետո: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր ղեկավարման օրոք պատժամիջոցներ էր կիրառել Ռայիսիի նկատմամբ՝ նրան մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման համար:
Սակայն Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ միջուկային գործարքի փրկության համար պատժամիջոցները պետք է չեղարկվեն: