Կախվածություն ունենալը խարան չէ, դա հիվանդություն է, որը ճիշտ ժամանակին բժշկին դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելել:
Իլոնա Հովհաննիսյան, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան - Մեր հասարակությունում պիտակավորված են կախվածություն ունեցողները: Մեզ համար ավելի հեշտ կլինի աշխատելը, երբ հասարակությունում կոտրվի կարծրատիպը, թե վատ մարդիկ են հիվանդանում կախվածությամբ: Կախվածություններով հիվանդանում են և՛ հարուստները, և՛ աղքատները, և՛ երիտասարդները:
Դպրոցներում իրականացվել են իրազեկման դասընթացներ ծնողների ու ուսուցիչների համար՝ ինչպես կանխարգելել կախվածությունը դեռահասների շրջանում թեմայով:
Ռուզաննա Երեմյան. «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ - Ինֆորմացիայի բացակայության պատճառով մենք մտածում ենք, որ նման խնդիր չունենք, իրականում՝ շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք: Դեռևս մեկ տարեկանից մենք մեր երեխաներին արհեստականորեն կապում ենք սմարթֆոն կոչված երևույթի հետ, որը տանում է երեխաներին դեպի անծայրածիր մի աշխարհ՝ մեր երեխաներին կտրելով բնությունից:
Երևանի 12 միջնակարգ դպրոց ներգրավվել է ծրագրում, շուրջ 9000 ծնող, վարչական և մանկավարժական 750 աշխատող է տեղեկացել կախվածությունների մասին: Չնայած վիճակագրական տվյալներին՝ մեծացել է նաև թմրանյութերի հանդեպ դեռահասների կախվածությունը:
Սուրեն Նազինյան, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն - Մեր կենտրոնի ստատիստիկ տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ թմրամիջոցներից կախվածությամբ հաշվառված երեխա կամ դեռահաս չկա, բայց նկատելի է, որ քիչ ավելի բարձր տարիքում թմրամիջոցների օգտագործումն ավելացել է:
Վիճակագրական տվյալներն ամբողջական պատկերը չեն արտացոլում, մարդիկ դեռևս խուսափում են դիմել բժշկական հաստատություններ:
Ռուզաննա Երեմյան - Միայն տելեգրամյան հավելվածում մենք ունենանք մոտավորապես 1200 նարկոշոփ, ամեն օր երեկոյան առնվազն 600-800 մարդ թմրանյութ է փնտրում:
Հաշվի առնելով տեղեկատվության՝ դեռահասներին չափազանց հասանելի լինելու հանգամանքը և երեկոյան Երևանի որոշ փաբերում անչափահասների մեծ թիվը, գործ ունենք աղետի հետ՝ նշում է Երեմյանը:
Ռուզաննա Երեմյան - Ուշադիր եղեք, հետևեք երեխաների սոցիալական կայքերի մուտքին, երեխաներին գալիս են նվեր-առաջարկներ, թմրանյութեր առաջարկող նվերներ:
Գրեթե նույնն է պատկերը Ինստագրամում և Ֆեյսբուքում: Դեռահասների շրջանում կախվածությունն սկսում է մարիխուանայից և կա վիճակագրություն, որ թմրանյութ օգտագործած դեռահասների 70 տոկոսը կտրուկ անցում է կատարում ավելի ծանր թմրանյութերի: