Հայաստանի համար՝ եվրոպական բաց երկինք: ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը: Հիմա Հայաստանը թռիչքներ իրականացնելու համար մեկ տասնյակից ավելի Եվրոպական երկրների հետ ունի միջկառավարական համաձայնագրեր, ընդհանուր ավիացիոն գոտու մասին փաստաթղթի ստորագրումից հետո արդեն համաձայնագիրը կլինի մեկը, և Հայաստանը հնարավորություն կստանա աշխատել ԵՄ անդամ բոլոր երկրների հետ:
Ստեփան Փայասլյան (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար) - Երկրորդ ամենակարևոր կոմպոնենտը այստեղ այն է, որ ազատականացվում են ԵՄ - Հայաստան օդային ոլորտը կարգավորող հարաբերությունները: Ավելի ազատականացված կլինեն թե՛ չվերթերի հաճախականությունը, թե՛ ավիաընկերությունների նշանակման գործընթացը:
Այս գործընթացը սկսվել է դեռ 2013-ին, 4 տարի անց Բրյուսելում համաձայնագիրը նախաստորագրվեց, սակայն կիրարկմանը խոչընդոտեց Բրեքզիթը՝ «ԵՄ տարածք» հասկացությունը պետք է հստակեցվեր: Գործընթացի վերջնական փուլին հասնել հնարավոր եղավ միայն այս տարի: Եվս մեկ կարևոր պարտավորություն կա, որը համաձայնագիրը ստորագրելուց հետո պետք է կատարի Հայաստանը:
Ստեփան Փայասլյան - Ստորագրումից հետո Հայաստանը պարտավորություն է վերցնում իր վրա ավիացիայի ոլորտում ներդնելու Եվրոպական ամբողջ օրենսդրությունը՝ ավիացիայի ոլորտը կարգավորող և նույնիսկ մի քանի հարակից օրենսդրություն: 2013-ից մենք մեր փոփոխությունները անելուց հետևել ենք ԵՄ-ի օրենսդրությանը, փորձել ենք մաքսիմալ ներդաշնակեցնել մեր օրենսդրությունը, բայց ընդունումից հետո մենք ունենում ենք պարտավորություն այդ ամբողջը իրականացնելու:
Համաձայնագրի ստորագրումը ավիափոխադրող ընկերությունների համար կապահովի շուկայի հասանելիություն, կընդլայնի քաղաքացիների տեղաշարժի ազատությունը։ Այս ամենի հետ կլինեն անվտանգության բարձրագույն մակարդակ ու հավասար մրցակցային պայմաններ:
Ստեփան Փայասլյան - Մենք դառնում ենք ավելի ընկալելի Եվրամիության անդամ երկրների համար, իրանց ավիաընկերությունները ավելի վստահելի գործընկեր են ունենում ի դեմս Հայաստանի, բավականին դրական տեղաշարժ կլինի ավիացիայում:
ԵՄ հայտարարության համաձայն՝ համաձայնագիրը կզարգացնի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների ոլորտները: Քաղավիացիայի ներկայացուցչի խոսքով՝ սա կարևոր ձեռքբերում է, սակայն չի նշանակում, որ համաձայնագրի ստորագրումից հետո նոր ավիաընկերությունների տարափ է սպասվելու: Միևնույն ժամանակ խաղաքարտերը կարող են փոխվել. մրցակցությունը մեծանում է, որակը՝ բարձրանում, գինը՝ իջնում:
Ստեփան Փայասլյան - Նմանատիպ հնարավորություններ նաև ստեղծվում են հայկական փոխադրողների համար, և հայկական ավիափոխադրողները նույնպես ավելի ազատական սկզբունքով կարող են մուտք գործել ԵՄ տարածք՝ թռիչքներ իրականացնելուց ավելի լավ պայմաններ կստանան:
Նախորդ տարվա հունիսին Հայաստանը հայտնվեց ԵՄ ավիացիոն «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ հայկական ավիաընկերությունները չեն կարող թռիչքներ իրականացնել Եվրամիության օդային տարածքում: Քաղավիացիայի ներկայացուցչի կարծիքով՝ ԵՄ - Հայաստանի ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կարող է օգնող գործոն դառնալ «սև ցուցակից» դուրս գալու համար:
Ստեփան Փայասլյան - Մենք էս պահին արդեն ունենք վերցված պարտավորություններ «սև ցուցակից» դուրս գալու համար, մեր քայլերի հերթականությունը, որ արդեն մեկ տարի է՝ սկսել ենք իրականացնել, սա նույնպես կնպաստի, որ օրենսդրությունը և մնացած կարգերը, որոնք կան, հիմնականում խնդիրը որն ա՝ կարգերը ներդնել և այդ կարգերը աշխատացնել: Մի բան ա՝ կարգը ներդնել երկրում, և երկրորդ բանը՝ այդ կարգը պետք է լինի աշխատող: Այս երկու համադրումը, հակառակը՝ մեզ թույլ կտա արագ դուրս գալու էս վիճակից և պահել ձեռքը զարկերակի վրա, որ այս փոփոխությունը արագ ադապտացնենք մեր երկրում, և հավանականությունը կփոքրանա նմանատիպ ռիսկերից:
Ակնկալում է Եվրամիությունը, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա աշնանը, ինչին պետք է հաջորդի արդեն ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից համաձայնագրի վավերացումը: