Օվկիանոսից այն կողմ, որտեղ կենտրոնանում են տարբեր ժամանակների գիտական գաղափարները, Հայկն և Քնարը, թեկուզ դժվարություններով, ուզում են իրենց նորարար մտքերով Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհի համար: Ապագա գիտնականները Կալիֆոռնիայի համալսարանը ավարտելուց հետո մի քանի ամսով եկել են, ուսումնասիրում և ուրվագծում են իրենց աշխատանքի հնարավորությունը՝ ինչից սկսել և ուր հասնել:
Հայկը ֆիզիկոս է, Քնարը՝ քիմիայի բնագավառի ինժեներ: Ազգային գիտական լաբորատորիայում գիտական խմբերի հետ ուսումնասիրում, միաժամանակ նախագծում են նոր հետազոտություններ: Թեև Միացյալ Նահանգներում են ծնվել, բայց որպես կամավոր՝ մի քանի անգամ եկել են Հայաստան, աշխատանքին զուգահեռ ուսումնասիրել տեղի գիտական հնարավորությունները:
Ապագա գիտնականների համար առանցքային նշանակություն ունի միջազգային փորձի ներդրումը Հայաստանում: Մի քանի օրվա ընթացքում շփվել, տեսել և հաստատում են՝ հայ գիտնականների միտքը բացառիկ է: Որպես օրինակ նշում են՝ ականատեսն են ժամանակի չափման գերճշգրիտ սարքի ստեղծման: Այն դեպքում, երբ առաջատար միջազգային հետազոտական ինստիտուտները տարիներով ներդրում են կատարում, և արդյունք գրեթե չի լինում: Այս փուլում իրենց չի հետաքրքրում մեծ եկամուտը, պարզապես հայ գիտնականների հետ ուզում են նոր նշաձող սահմանել։
Արագ զարգացող տեխնոլոգիաների աշխարհում Հայաստանը պետք է իր խոսքն ասի՝ պնդում են զրուցակիցները: Ամեն ինչի հիմքում գիտությունն է՝ տեսական ու կիրառական ուղղությունները պարբերաբար հնարավորություն են ստեղծում հետազոտելու տեխնոաշխարհի չուսումնասիրված ուղղությունները: Համաձայն չեն, որ Հայաստանի գիտական հնարավորությունները սահմանափակ են: Որպես փաստ նշում են՝ Միացյալ Նահանգների առաջատար գիտական կազմակերպությունների ղեկավար կազմում մեծամասամբ հայեր են, զարգացնում են տեխնոարդյունաբերությունը:
Միջազգային համագործակցության շնորհիվ շատերը, արդեն ավարտած, վերադառնում են նոր ծրագրերով և իրենց հետազոտությունների մեկնարկը տալիս հենց Հայաստանում: Այստեղից ևս շատ ուսանողներ մեկնում են միջազգային փորձն ուսումնասիրելու և հետազոտություններ իրականացնելու: Ասյան և Մարիան մոտ օրերս մեկնելու են Դուբնա՝ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ. ուսանողները մեկ ամիս մասնակցելու են գիտական կոնֆերանսներին, արագացուցչային հետազոտություններին:
Արդեն սեպտեմբերին, նոր գիտելիքներով վերադարձած, ուսմանը զուգահեռ գիտական լաբորատորիայում կսկսեն մասնակցել կիրառական հետազոտություններին: Ուզում են մասնագիտանալ այն ուղղության մեջ, որտեղ անհայտները շատ են: