Վերջին օրերին Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ոչ միայն ողբերգական են, այլև վերածվում են ամբողջ տարածաշրջանի համար ողբերգության վերածվելու սպառնալիքի, իրենց հիմքում ունեն նաև ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ աշխարհում իրավիճակ փոխելու միտում։
Խնդիրն այն է, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժման ակտիվացումն ու երկրի կենտրոնում պատերազմական գործողությունների վերսկսումն ուղղակիորեն կապված են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ, որի գործընթացի մեկնարկի մասին հայտարարվեց ապրիլին, իսկ որպես հնարավոր վերջնաժամկետ նշվեց սեպտեմբերը։ Այնուհանդերձ, Աֆղանստանում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ամերիկյան զորքերը կարող են հետաձգել տունդարձը։ Երկրի կենտրոնական գրեթե բոլոր շրջաններում կատաղի մարտեր են, որոնց հետևանքով բոլորովին բարոյալքված աֆղանական բանակը պարզապես փախչում է մարտադաշտից՝ գյուղ գյուղի հետևից թողնելով իսլամիստ ծայրահեղականներին։ Որ ստեղծված իրավիճակը «խաղուպար» չէ, ընդունել է անգամ Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի ընդհանուր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օստին Սքոթ Միլլերը՝ հատկապես մտահոգիչ համարելով այն արագությունը, որով թալիբները վերահսկողություն են սահմանում աֆղանական տարածքների վրա։
Ստեղծված իրավիճակն ու դրա հնարավոր զարգացումը, բնականաբար, պետք է անհանգստացնեն Աֆղանստանի հարևանների։ Ասենք՝ ոչ միայն նրանց։ Եթե հաշվի առնենք, որ Աֆղանստանի հյուսիսային հարևանը՝ Տաջիկստանը, ՀԱՊԿ անդամ է, և բացառված չէ, որ առաջիկայում մարտական գործողությունները կարող են տեղափոխվել աֆղանա-տաջիկական սահման, անհանգստանալու տեղիք ունի անգամ Երևանը։ Դժվար է ենթադրել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի իր գործընկերոջ օգնության կոչին կարձագանքի՝ մտահոգություն հայտնելով և թալիբների հետ սահմանազատում անցկացնելու կոչով։
Սրան զուգահեռ, կա ևս մեկ խնդիր, որը հեռանկարում կարող է լրջագույն խնդրի վերածվել։ Իսկ խնդիրը վերաբերում է Հարավ-Հյուսիս՝ վերջին շրջանում չափազանց շատ քննարկված նախագծին։ Զուտ որպես հիշեցում նշենք, որ նախագիծը, ճիշտ է, իրենից հիմնականում ներկայացնում է Հնդկաստանից Իրան, այնուհետ՝ Հայաստանով և Վրաստանով դեպի Եվրոպա տանող առևտրային ուղի, սակայն Աֆղանստանն այս ծրագրում նույնպես անմասն չէ։ Ըստ նախնական տարբերակի՝ Չինաստանը պետք է կառուցի Չինաստան-Պակիստան-Աֆղանստան-Իրան երթուղի, որն ինչ-որ կետում պիտի հատվի Հարավ-Հյուսիսին։
Սա, ըստ էության, «Մետաքսի ճանապարհն» է, որի կոկորդին կարող են նստել թալիբները՝ տապալելով ծրագիրը կամ, լավագույն դեպքում, այն թանկացնել՝ ստիպելով կառուցել ավելի թանկ ու երկար, սակայն Աֆղանստանը շրջանցող ճանապարհ։ և այս համատեքստում, ի դեպ, չափազանց հետաքրքիր կարող է դիտարկվել Արևմուտքի դերակատարումը՝ այն դեպքում, երբ բոլորովին վերջերս G7-ի գագաթնաժողովում Չինաստանը հռչակվեց որպես ռազմավարական երկարատև սպառնալիք, իսկ որպես դիմագրավման միջոց շեշտվեց, որ Արևմուտքն այսուհետ միացյալ ուժերով է պայքարելու չինական տնտեսական էքսպանսիայի և, հետևաբար, խոշորածավալ տնտեսական ծրագրերի դեմ։