Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հունիսի 29-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ լիագումար նիստ, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Նիստի օրակարգում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:
Նախագծերը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Ներկայացնելով օրինագծերի փաթեթը՝ նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին կայացած գլխադասային հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հնչեցված առաջարկություններն ընդունվել և ընդգրկվել են օրինագծերի փաթեթում:
Նիստին ներկա պետնախարար Արտակ Բեգլարյանը և նախագծերի հեղինակը պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին և հարցերին:
Օրենքների նախագծերի փաթեթը նախապես արժանացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանն առաջարկել է կողմ քվեարկել:
Հարցի քննարկումից հետո պատգամավորները հանդես են եկել մտքերի փոխանակությամբ:
Քվեարկության արդյունքում օրինափաթեթն ընդունվել է 24 կողմ ձայնով: