Հունիսի 29-ն անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:
Օրվան ընդառաջ երեկ՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ, Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ և մինչ օրս անհետ կորած ոստիկանության ծառայող Սպարտակ Գրիգորյանի մորը՝ Վերա Գրիգորյանին և Գառնիկ Ավթանդիլյանի կնոջը՝ Արիգա Ավթանդիլյանին:
Նախարարը երախտագիտություն է հայտնել Վ.Գրիգորյանին տարիների գործադրած ջանքերի համար, կարևորել միության 28-ամյա գործունեությունը, ընդգծել, որ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունն օջախ է, որտեղ միահյուսվում են ապագայի հանդեպ հավատն ու սպասումը:
«Ոչ ոք չի մոռացվել ու չի մոռացվի, հայրենիքի համար անմահացած, գերեվարված ու անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսներին միշտ կփառաբանենք ոչ թե խոսքով, այլև՝ գործով»- հանդիպմանն ասել է Կարեն Սարգսյանը և ևս մեկ անգամ վստահեցրել, որ որպես գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ ԱԿԱՀ միության հետ կշարունակի ակտիվ համագործակցությունը:
ՆԳ նախարարն անհայտ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների:
Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանը և նախարարի խորհրդական Հարութ Ավագյանը: