«Ազգային-ժողովրդավարական բևեռը» չի ընդունում խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքները:
Կուսակցության խորհուրդն անցկացված ընտրությունը համարում է անարդար ու ոչ ազատ: Ընտրությունը կեղծելու համար կուսակցությունը մեղադրում է ոչ միայն հաղթած ուժին:
Վստահ են՝ ընդդիմադիր ուժերի մեջ ևս եղել են ընտրակեղծարարներ: Խորհրդարանի արտահերթ ընտրության վերջնական արդյունքով՝ ԱԺԲ-ն ստացել է ընտրողների ձայների 1.49 տոկոսը կամ 18.976 ձայն, սակայն խորհրդի անդամները համոզված են՝ իրականում հաղթահարել են Ազգային ժողով անցնելու համար սահմանված շեմը:
Կուսակցության խորհրդի անդամները նշել են, որ ունեն ընտրակեղծիքների վերաբերյալ բավարար փաստեր, սակայն Սահմանադրական դատարան դիմելու իմաստ չեն տեսնում:
Արա Պապյան («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ) - Մենք դիմել ենք դատախազություն, որովհետև սա քրեական հանցագործություն է: Սահմանադրական դատարան դիմել են ուրիշները, այնտեղ, միևնույն է, այդ ամբողջը կարող է քննարկվել:
Ժիրայր Սեֆիլյան («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ) - 5 տոկոսը հաղթահարել ենք, սակայն ասացի ձեզ՝ մեր խորհրդարանում հայտնվելու պայմանը պետք է լիներ առնվազն 10%-ը հաղթահարելը, որ նրանք չկարողանային այդքան կեղծել:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան