ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեիրոն լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումների կապակցությամբ: Այս մասին նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
Հունիսի 22-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայի İhlas լրատվական գործակալության լրագրող Մուստաֆա Ուսլուն ծեծի է ենթարկվել չորս անձանց կողմից, որոնց մեջ է եղել է նաև տեղական քաղաքական գործչի զարմիկը: Տարբեր մարմնական վնասվածքներով լրագրողն անմիջապես հոսպիտալացվել է: Կասկածյալներից մեկը կալանվել էր:
Հունիսի 21-ին էլ շինարարական ընկերության երեք աշխատակից հարձակվել էր Yeniçağ օրաթերթի թղթակցի վրա: Լրագրողը փորձել էր բացահայտել Սամսուն նահանգում նոր հիվանդանոցի շինարարական աշխատանքներում մտահոգիչ խախտումները:
Թերեզա Ռիբեիրոն հիշատակել է նաև այս ամսվա սկզբին լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ հարձակումների մասին:
«Լրագրողների անվտանգությունը մամուլի ազատության պարտադիր նախապայման է: Սա նշանակում է, որ լրագրողները պետք է հնարավորություն ունենան զբաղվելու իրենց լրագրողական գործունեությամբ առանց ահաբեկման, սպառնալիքի կամ հարձակման: Հուսով եմ՝ Թուրքիայի իշխանությունները մանրակրկիտ հետաքննություն կանցկացնեն և բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկեն»,- հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեիրոն: