ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Բարսելոնում հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը տեղի ունեցող «MWC Barcelona 2021» միջոցառման շրջանակներում հանդիպում է ունեցել GSMA-ի փոխնախագահ, Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի քաղաքականության և կարգավորումների տնօրեն Դանիել Պատակիի հետ:
Հայկ Չոբանյանը փոխանցել է, որ հայկական տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները մշտապես մասնակցել և բարձր են գնահատել MWC Barcelona 2021 միջոցառուման կարևորությունը:
Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է ոլորտի առջև ծառացած փոխակերպման մարտահրավերներին, ինչպես նաև համավարակով պայմանավորված նոր իրականությանը։
Հայկ Չոբանյանը նշել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել նոր լուծումներում, որպեսզի մարդիկ և երկրները չունենան այն անհարմարությունները, որոնք կան այսօր։ Լուծումները ենթակառուցվածքային և թվային տեխնոլոգիաների տիրույթում են և նման հարթակները հնարավորություն են տալիս այդ թեմաները քննարկել դերակատար երկրների պատասխանատուների հետ։
Դանիել Պատակին ներկայացրել է GSMA-ի գործունեությունը, որն ընդգրկում է մի քանի ուղղություններ, որոնցից առաջինը ոլորտային ներկայացուցիչներին մեկ վայրում համախմբելն է, երկրորդը՝ ստանդարտացումը, տեխնոլոգիական համագործակցությունը, երրորդը՝ որոշումներ ընդունող քաղաքական գործիչների միջև համագործակցության հնարավորությունների հաստատումը: Դանիել Պատակին ընդգծել է կարգավորիչների բնագավառում ունեցած երկարամյա փորձառությունը և այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նշել, որ կարևորում է ժամանակին համընթաց ոլորտում բարեփոխումների աստիճանական իրականացումը: Այս տեսանկյունից Հայկ Չոբանյանն ընդգծել է ոլորտային զարգացման նոր ռազմավարության ընդունումը, որի իրականացումը երկրի տնտեսությունը կբարձրացնի զարգացման նոր մակարդակի: Կողմերը կարևորել են գործակցության զարգացման անհրաժեշտությունը և պայմանավորվել քննարկել ոլորտում փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրականացման առաջնայնությունները: