Հանրապետության տարբեր մարզերում վերջին օրերին ոռոգման ջրի խնդրի շուրջ «Լուրերին» պարզաբանումներ է ներկայացրել Ջրային կոմիտեի նախագահը: Կարեն Սարգսյանը հայտնել է` հիմնական օբյեկտիվ պատճառը բնակլիմայական է: Տարին սակավաջուր է եղել, գետերում հունիսին 40-60 տոկոս ջրի նվազում ենք ունեցել, ջրամբարները թերի են լցվել:
Սարգսյանը հայտնել է, որ պատճառներից է նաև բարձր ջերմաստիճանը: Օրինակ` այն մշակաբույսերը, որոնց ոռոգման ռեժիմը 10 օրը մեկ պետք է լիներ, եղանակի պատճառով դարձել է 6-7 օր, ինչը ևս լրացուցիչ ջրապահանջարկ է առաջացրել: Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ խնդիրը լուծելու համար այլ աղբյուրներից են ջրի համալրում իրականացնում, նաև անդրադարձել է Շիրակում ջրի խնդրին:
Կարեն Սարգսյան, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ - Շիրակի մարզում բոլորովին այլ խնդիր է, այնտեղ ջրամբարում ունենք բավականին ջուր: Իրենց խնդիրը Կառնուտի ջրամբար ջրալրում իրականացնելն է, որը մենք ավելացրել ենք, որպեսզի հասցնենք Կառնուտի ջրամբար 1.2 խմ-ով ավելի ջուր, սակայն ջրօգտագործողների անփութության պատճառով 1.2 խմ ջուրը տեղ չի հասել: Այնտեղ կառավարման խնդիր կա: Վաղը Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը 4 օրով գործուղվելու է այնտեղ: Ընդհանուր առմամբ, երբ ջրի խնդիրը լուծվի, կաթիլային ոռոգման անցնելու դեպքում կունենանք մեծ խնայողություններ և կկարողանանք բարելավել պահանջարկը: Նախագիծ ենք ներկայացրել, որով առաջարկում ենք մինչև 3 հա այն հողակտորները, որոնք կանցնեն կաթիլայինի, 5 տարով կազատվեն ջրի վարձավճարից: