Վարդան Ասատրյան (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող) - Այս կենդանու օրինակով կարող ենք հասկանալ, որ տվյալ տեղանքում ջրի որակի աղտոտման ոչ մի լուրջ վիճակ գոյություն չունի:
Խոշորացույցի տակ է Աղստև գետից լաբորատորի հասած ճպուռի թրթուրը: Գիտաշխատողները մանրակրկիտ ուսումնասիրում են՝ կառուցվածքից մինչև տեսակային կազմ: Մեկ այլ սենյակում էլ Հրազդան գետի ձկներն ու մակրոֆիտներն են գիտաշխատողների սեղանին: Այսպես փորձում են բացահայտել գետերի էկոլոգիական վիճակը:
Մեր երկրում մինչև այսօր ջրերի վիճակը գնահատող միասնական մոտեցում չկա: Ամեն մասնագետ իր մեթոդով է առաջնորդվում, մինչդեռ եվրամիության ջրի շրջանակային դիրեկտիվն անդամ պետություններից պահանջում է միասնական գնահատման մեխանիզմ կիրառել: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողներն այժմ Ճշգրիտ մեթոդ են մշակում: Առաջիկայում պետությանը ջրերի որակը գնահատող նոր մեխանիզմ կառաջարկեն:
Ուսումնասիրությունն իրականացվում է կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական ծրագրի շրջանակում: Մրցույթին խմբով են մասնակցել ու շատ կարևոր այս ուսումնասիրության համար պետական դրամաշնորհ ստացել:
Մարինե Դալլաքյան (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող) - Դրամաշնորը ոչ միայն ոգևորեց, այլև գիտական տեսանկյունից կարևոր է մեզ համար՝ որպես գիտնականների, կիրառելի է լինելու նախարարության կողմից:
Հաղթող ճանաչված գիտական խմբերը 36 ամիս շարունակ գիտական հետազոտության համար ֆինանսավորում են ստացել: 5 անձից բաղկացած խմբերին 36 միլիոն դրամ է տրամադրվել: 4 հոգանոց խմբերին՝ 29 միլիոն 400.000 դրամ: Խմբի անդամներից յուրաքանչյուրը 3 տարի շարունակ գիտական աշխատանքի համար հավելյալ 150.000 դրամ կստանա: Գիտության կոմիտեն այս մրցույթն առաջին անգամ է իրականացնում. նպատակ ունեն նպաստել կին ղեկավարների առաջխաղացմանը: Մրցույթին 50 հայտ են ստացել, երաշխավորման ներկայացրել 19 գիտական խմբերի:
Անի Վիրաբյան (ԳԿ գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի պետ) - Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող պետական գիտական ծրագրերում թեմաների և ծրագրերում 25 տոկոսն են կանայք, նպատակ ունեն մրցույթով լրացնել այդ բացը:
Կոմիտեում մրցույթը կարևորում են: Վստահեցնում են՝ ֆինանսավորված ծրագրերը կնպաստեն գիտության ոլորտում մեկ քայլ առաջ շարժվելուն: