Հնդկա-չինական սահմանին իրավիճակը մնում է կայուն, երկու կողմն էլ բանակցում են խնդիրները լուծելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը՝ հաղորդում է ТАСС-ը:
Դիվանագետի խոսքով՝ Պեկինն ու Դելին տարբեր մակարդակներում ձեռնարկում են գործողություններ համատեղ սահմանի վրա հակասությունները վերացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը:
Հնդկաստանը վերջին ամիսներին 50,000 լրացուցիչ զորք է ուղարկել Չինաստանի հետ սահման՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար՝ հայտնում է Mint թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Պարբերականի տվյալներով՝ այնտեղ արդեն կենտրոնացած է շուրջ 200 հազար հնդկական ռազմական անձնակազմ, ինչը 40%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
2020-ի մայիսին երկու երկրի սահմանին գտնվող լեռնային Լադախ շրջանում բախումներ տեղի ունեցան, որի հետևանքով երկու կողմում զոհեր եղան: Հնդկաստանը և Չինաստանը սահմանային շրջանում կուտակել են ծանր հրետանի, տանկեր և ինքնաթիռներ: Ռազմական և դիվանագիտական մակարդակներում մի շարք բանակցություններից հետո՝ փետրվարի 10-ին, Պեկինը և Դելին սկսեցին զորքերի դուրսբերումը սահմանային գծից: