Times-ը գրում է, որ երկուշաբթի Գերմանիան կփորձի արգելել բոլոր բրիտանացիների մուտքը ԵՄ՝ անկախ այն բանից՝ նրանք պատվաստվե՞լ են կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ:
Անգելա Մերկելի կարծիքով՝ Բրիտանիան վտանգ է ներկայացնում մյուս եվրոպացիների առողջությանը՝ այնտեղ Delta շտամի տարածման պատճառով:
Ամենայն հավանականությամբ, ծրագիրը, որը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն ճգնաժամային հանձնաժողովի նիստում, կհանդիպի Հունաստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի և Պորտուգալիայի դիմադրությանը, որոնք արդեն անտեսում են ԵՄ ճանապարհորդության անվտանգության կանոնները՝ թույլ տալով բրիտանացի զբոսաշրջիկների մուտքն այդ երկրներ:
Ֆրանսիայի նախագահը պաշտպանել է Անգելա Մերկելին՝ զգուշացնելով, որ Հյուսիսային Եվրոպան իրավունք ունի շարժման ներքին սահմանափակումներ մտցնել:
Ի պատասխան՝ Բրիտանիայի կառավարության աղբյուրները նշել են, որ Մերկելը կարող է հայտնվել խոր մեկուսացման մեջ, և շատ երկրներ պատրաստ են ինքնուրույն որոշումներ կայացնել ու չսպասել Բեռլինի որոշումներին:
Հաջորդ ուրբաթ Բորիս Ջոնսոնը մտադիր է հանդիպել Գերմանիայի կանցլերի հետ և փորձել համոզել նրան հրաժարվել այդ վիճահարույց որոշումից: