Մինչև հաջորդ տարեվերջ շահագործման կհանձնվի ապաստարան հայցողների ժամանակավոր կացարանը: Շինարարությունն Աբովյան քաղաքում մեկնարկել է ապրիլից ու նախատեսվում է ունենալ մինչև 120 հոգու համար նախատեսված հատուկ կացարաններ:
Ծրագիրն իրականացնում է Միգրացիոն քաղաքականության մշակման կենտրոնը՝ Հայաստանի կառավարության հետ, բյուջեն էլ 1 միլիոն 358 հազար եվրո է. այն որպես դրամաշնորհ տրամադրել են Դանիայի, Նիդեռլանդների ու Գերմանիայի կառավարությունները:
Այդ երկրների պատվիրակություններն այսօր շրջել են շին-հրապարակում՝ ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Միգրացիոն ծառայություն պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանն ապաստան հայցողներից տարեկան ստանում է 200-ից ավելի դիմում՝ հիմնականում Սիրիայից, Լիբանանից ու Իրաքից:
Արմեն Ղազարյան, Միգրացիոն ծառայության պետ - Ներկայումս գործող հատուկ կացարանը, որը նախատեսված է ապաստան հայցողների բնակության խնդիրների լուծման համար, հյուրընկալում է շուրջ 50 ապաստան հայցողի, չնայած նախատեսված է 45-ի համար: Ներկայումս ընթացող շինարարությամբ նախատեսվում է կառուցել հատուկ կացարան, որը կհյուրընկալի շուրջ 100 ապաստան հայցողի և որոշակի հարմարությունների իրականացման պարագայում՝ նույնիսկ 120 մարդու: Այսինքն՝ առաջիկա մի քանի տարիներին, մոտ 5-7 տարվա կտրվածքով, ըստ էության ապաստան հայցողների խնդիրները կարող ենք լուծած համարել: