Հունիսի 27-ի առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին էլեկտրագնացքը բախվել է Մերսեդեսին: 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Գնացքում եղել է մոտ 100 ուղևոր: Մեքենայի վարորդը գծանցի մոտ հաշվի չի առել նախազգուշական լուսային ու ձայնային ազդանշանները:
Սերգեյ Հարությունյան, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքների անվտանգության գծով փոխտնօրեն - Դեպքը ցույց է տալիս և ապացուցում, որ այստեղ, այո՛, նշաններ պետք է դրվեն, ազդանշանային համակարգը պետք է աշխատի: Դա անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ: Բավարար կլինի, երբ մենք վթարներ չենք ունենա, եթե վարորդները օրենքներին ենթարկվեն:
Հայաստանում 130 գծանց կա: Դրանցից 35-ում շուրջօրյա հերթապահություն է իրականացվում: Զարթոնք գյուղի գծանցը չկառավարվող է, ուստի ուղղորդող հերթապահ չի եղել: Ընկերության գնացքների անվտանգության գծով փոխտնօրենի խոսքով՝ պահպանվող գծանց այդ հատվածում չեն սահմանել, քանի որ գնացքների պարբերականությունն ու մեքենաների տեղաշարժն այնքան էլ մեծ չէ:
Վոլոդյա Գասպարյան, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ԵԱԿՁ ավագ էլեկտրամեխանիկ - Եթե ամեն վարորդ պահպանի իր առաջ դրած կանոնները, ոչ մի վթար էլ չի լինի: Եթե անվտանգության ազդանշանն աշխատում է, զանգերը գալիս են, ուրեմն ինքը պարտավոր է կանգնելու:
Զարթոնքում տեղի ունեցած բախումի հետևանքով ուշացել է երեք մարդատար գնացք: Վնասվել են գծանցումի սարքավորումները, շարժակազմն ու ճանապարհային նշանները: Անցնող 6 ամսում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Սերգեյ Հարությունյան - Մենք ունենք արդեն 9 դեպք:
Վաչագան Վարդանյանը Մասիսի ավտոմատացված կառավարման համակարգի հերթապահներից է: Ասում է՝ անկարգապահ, մեծամիտ վարորդները շատ են: Նրանց մեքենաներով, դեմքով գիտի: Օրը մեկ չէ, հարյուր անգամ է հիշեցնում՝ գնացքը չի կարող կտրուկ կանգ առնել. արգելակման ուղին կարող է մինչև 500 մետրի հասնել:
Վաչագան Վարդանյան, գծանցի հերթապահ - Կան ոչ կարգապահ վարորդներ: Մեկն անցնում է, հաջորդը հետևից է գնում, գիտի՝ ինքը կփրկվի: Եթե մեկը գնաց, 4-5-ը վթարի մեջ են ընկնում: Մենք չենք կարող կանգնել մեքենայի առաջ: Մենք դրոշակով պահում ենք, կանգնացնում ենք:
Ամենավտանգավոր գծանցերը Գեղարքունիքում և Շիրակում են: Հարավկովկասյան երկաթուղին հիմա պայքարում է նաև ապօրինի գծանցերի դեմ: Հատկապես գյուղական բնակավայրերում քաղաքացիները ճանապարհը կրճատելու համար քարով ու ավազով արհեստական գծանց են կառուցում, ինչը ընկերության փոխտնօրենի խոսքով՝ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: