Սյունիքի մարզում՝ ադրբեջանական զորքերի հետ շփման գծի մոտակայքում, հերթական միջադեպն է արձանագրվել: Տեղ գյուղի բնակիչները համայնքի վարչական տարածք համարվող դաշտավայրում փորձել են հավաքել ավելի վաղ հնձած խոտը: Սակայն ադրբեջանական զինվորականներն իջել են դիրքերից, արգելել խոտհավաքը: Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը գյուղացիների աշխատանքը ավարտելու համար անմիջապես քայլեր է ձեռնարկել:
Ներսես Շադունց (Տեղ համայնքի ղեկավար) - Ես դիմել եմ մեր Առաջին բանակային կորպուսի հրամանատարին: Արագ արձագանքել է: Միանգամից տեղակալներին, սպայական կազմից մարդ ա ուղարկել: Ես էլ իրենց հետ գնացել եմ: Մտել ենք այդ տարածք: Մեր բնագծի վրա կանգնել ենք: Ժողովրդին խաբար են արել: Տեխնիկայով եկել են, խոտը հավաքել, տուն տարել:
Ներսես Շադունցն ընդգծում է՝ այդ տարածքի պատկանելիությունը չի կարող վիճարկվել: Հողն ունի սեփականատեր և համայնքի տարածքում է: Այդ դեպքում ի՞նչ գործ ունեին այնտեղ ադրբեջանցի զինվորականները՝ գյուղապետը դժվարանում է պատասխանել: Սակայն նկատում է՝ դաշտավայրում հայ զինվորականների հայտնվելուց հետո հակառակորդը աշխատանքն արգելելու որևէ փորձ չի կատարել:
Ներսես Շադունց - Իրենք իրենց վերևի դիրքերից մի քիչ խառնվեցին իրար: Լարվածություն կար իրենց մոտ, բայց որևէ գործողություն չի իրականացվել, որևէ սադրանք չի եղել:
Իրավիճակն ընդհանուր առմամբ Տեղ համայնքում հանգիստ է,- ասում է գյուղապետը: Բնակիչներն զբաղված են առօրյա դաշտային աշխատանքով, թեև սահմանագծի փոփոխությունից հետո որոշակի լարվածություն նկատվում է:
Այս ամենին զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, թե, իբր, երեկ երեկոյան հայկական Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել է ապատեղեկությունը, նշել՝ հայկական ստորաբաժանումները գոնե մեկ կրակ չեն արձակել:
Բաքուն ավելի վաղ նմանատիպ հաղորդագրություն էր տարածել նաև Գեղարքունիքի մարզի սահմանային գոտու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարություն - Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Գեղարքունիքի մարզում իրավիճակը կարող է վերջնականապես հանդարտվել, երբ այնտեղ ռուս սահմանապահներ տեղակայվեն: Այժմ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում,- ավելի վաղ հայտարարել էին Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբից: