Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության Արևելյան գործընկերությանը: Այդ երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մինսկն սկսում է ԵՄ-ի հետ արտահանձնման համաձայնագրի գործողության դադարեցման ընթացակարգերի իրագործումը: «Եվրամիության սահմանած պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում Բելառուսը չի կարող կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բելառուսի հայտարարությունից րոպեներ անց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ վաղը կայցելի Բելառուս՝ անվտանգության հարցերի շուրջ ռուս-բելառուսական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
*****
ՀԱՊԿ-ը տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի՝ հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղարը: Վլադիմիր Զայնետդինովի խոսքով, եթե Տաջիկստանը դիմի ՀԱՊԿ-ին, ապա կազմակերպությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նախատեսված օգնություն կցուցաբերի, որը կարող է լինել քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական։ Տաջիկստանը ՀԱՊԿ-ին դեռ չի դիմել: Իրադրությունը սահմանագծին սրվել է, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել դեպի հարևան երկրի տարածք։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տաջիկա-աֆղանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ առաջիկայում կայցելի Տաջիկստան։
*****
ԱՄՆ-ն օդային հարվածների նոր շարք է սկսել Իրաքում և Սիրիայում՝ իրանամետ զինված խմբավորումների դեմ: Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալության տվյալով՝ հարվածների հետևանքով մահացել է մեկ երեկա, վիրավորվել 4 խաղաղ բնակիչ: Պենտագոնը վիրավորների կամ սպանվածների մասին տեղեկություններ չի հաղորդել: Ռմբակոծումով Պենտագոնը պատասխանել է Իրաքում ամերիկյան թիրախների և զինվորների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: ԱՄՆ զինված ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ ավիահարվածի թիրախները զինյալների զենքի պահեստներն են Սիրիայում և Իրաքում: Օդային հարվածներն իրականացվել են նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ, որը երկրորդ անգամ է նման հրամաններ արձակում: «Այս հարվածները հստակ ցույց են տալիս, որ նախագահ Բայդենը գործելու է ԱՄՆ բանակի անձնակազմը պաշտպանելու համար»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Ամերիկյան ռազմական գերատեսչությունը վստահեցրել է, որ ավիահարվածների մասին զգուշացրել է մյուս պետություններին:
*****
Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին: Ռայիսին երկրի 8-րդ նախագահի պարտականությունները կստանձնի խորհրդարանում տեղի ունենալիք արարողության ժամանակ: Էբրահիմ Ռայիսին հաղթանակ է տարել հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների 62 տոկոսը:
*****
Լոնդոնի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել: Հրշեջները փորձում են մարել մետրոյի Elephant & Castle կայարանի մոտ բռնկված խոշոր հրդեհը: Այրվում են կոմերցիոն շինություններ, մեքենաներ և հեռախոսային խցիկ: Ճանապարհները փակ են, և մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այցելել այդ շրջան, ինչպես նաև փակ պահել պատուհաններն ու դռները: Հրդեհի վայրում աշխատում է 10 հրշեջ մեքենա և 70 հրշեջ: Ականատեսների խոսքով՝ խոշոր հրդեհին նախորդել է մի քանի պայթյուն։ Հրդեհի պատճառների և տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։ Լոնդոնի ոստիկանությունը բացառել է ահաբեկչության վարկածը:
*****
Մոսկվայում սկսել են գործել հակահամաճարակային նոր սահմանափակումներ: Ռեստորանների մուտքը հնարավոր է միայն պատվաստումը հաստատող QR կոդով: Ռեստորաններ կարող են այցելել նաև այն մարդիկ, ովքեր անցել են ՊՇՌ թեստ և ունեն բացասական արդյունք. թեստի արդյունքը, սակայն, ուժի մեջ է համարվում միայն երեք օր: Կազմակերպությունները պարտավոր են հեռավար աշխատանքի տեղափոխել աշխատողների 30 տոկոսին, բացառությամբ՝ լիարժեք պատվաստվածների: Ռուսաստանում կորոնավիրուսը շարունակում է արագ տարածվել: Մոսկվայում երեկ 1 օրում կորոնավիրուսից մահվան ռեկորդային՝ 114 դեպք է գրանցվել:
*****
Աշխարհում արագ տեմպով տարածվում է կորոնավիրուսի առավել վարակիչ՝ «Դելտա» տարբերակը: Պորտուգալիայում արձանագրված նոր դեպքերի 70 %-ը բաժին է ընկել վիրուսի այդ շտամին: Ավստրալիայի մի քանի շրջաններում «Դելտա» շտամի տարածումը նոր սահմանափակումների պատճառ է դարձել: Սիդնեյ քաղաքում լիակատար լոքդաուն է: