«Կոմերսանտ» թերթում և «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականությունում» ամսագրում հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հոդվածը: Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Պուտին-Բայդեն հանդիպմանը, նշել է, որ դեռ ժամանակ է հարկավոր հասկանալու, թե գործնականում ինչպես կընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները՝ Ժնևում ձեռք բերված համաձայնությունների առումով: Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ նախքան ռուս-ամերիկյան բանակցությունները ԱՄՆ-ի և արևմտյան երկրների միջև տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպումները տպավորություն են ստեղծել, որ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում ընդհանուր մոտեցում է մշակվել:
«Այդ հանդիպումները մանրակրկիտ պատրաստվում էին այնպես, որպեսզի որևէ կասկած չլինի՝ Արևմուտքն ուզում էր, որ բոլորին պարզ լինի՝ այն միասնական է, ինչպես երբեք, և միջազգային ասպարեզում անելու է միայն այն, ինչ ճիշտ է համարում, իսկ մյուսներին՝ առաջին հերթին Ռուսաստանին և Չինաստանին, ստիպելու է հետևել իր սահմանած ուղուն»:
Հոդվածում Լավրովը նաև շեշտել է, որ ավելացնելով պատժամիջոցները և ինքնիշխան կառավարությունների նկատմամբ անօրինական ճնշումները՝ Արևմուտքը տոտալիտարիզմ է սերմանում աշխարհում, այլ երկրների նկատմամբ կայսերական, նեոգաղութատիրական դիրք է գրավում:
--------------
Սև ծովում այսօր մեկնարկում են Sea Breeze-2021 զորավարժությունները, որոնցում ներգրավված են ողջ պատմության ընթացքում ամենամեծ թվով մասնակիցները՝ 32 երկիր 4 աշխարհամասից։ Այդ երկրները վարժանքներին մասնակցելու համար կուղարկեն մոտ 5000 զինծառայող, 32 նավ, 40 թռչող սարք, հատուկ նշանակության և ջրասուզակային 18 խումբ։ Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից ավելի քան երեք տասնյակ երկրների մասնակցությամբ զորավարժությունների սցենարով ծովում, օդում և ցամաքում ուժերի համատեղումն կլինի: Օրեր առաջ Ռուսաստանը կոչ էր արել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին՝ հրաժարվել Sea Breeze-2021-ի անցկացումից։
--------------
Լիբանանում շարունակվում են ցույցերը: Բողոքի ալիքի պատճառը ազգային արժույթի փոխարժեքի անկումն է: Բեյրութում երեկ ճանապարհները փակել էին միանգամից մի քանի թաղամասում: Նահատակների հրապարակում այրվող անվադողերով արգելափակել էին գլխավոր խաչմերուկը: Ցուցարարներն իշխանություններին կոչ են անում ավարտին հասցնել կառավարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև պահանջում են կոռուպցիայի և ճգնաժամի խորացման համար մեղավոր պատգամավորների հրաժարականը:
--------------
Մոսկվայում սկսել են գործել հակահամաճարակային նոր սահմանափակումներ: Ռեստորանների մուտքը հնարավոր է միայն պատվաստումը հաստատող QR կոդով: Ռեստորաններ կարող են այցելել նաև այն մարդիկ, ովքեր անցել են ՊՇՌ թեստ և ունեն բացասական արդյունք. թեստի արդյունքը, սակայն, ուժի մեջ է համարվում միայն երեք օր: Կազմակերպությունները պարտավոր են հեռավար աշխատանքի տեղափոխել իրենց աշխատողների 30 տոկոսին՝ բացառությամբ լիարժեք պատվաստվածներին: Ռուսաստանում կորոնավիրուսը շարունակում է արագ տարածվել: Մոսկվայում երեկ 1 օրում կորոնավիրուսից մահվան ռեկորդային՝ 114 դեպք է գրանցվել:
Աշխարհում արագ տեմպով տարածվում է կորոնավիրուսի ավելի վարակիչ՝ «Դելտա» տարբերակը: Պորտուգալիայում արձանագրված նոր դեպքերի 70 %-ը բաժին է ընկել վիրուսի այդ շտամին: Ավստրալիայի մի քանի շրջաններում «Դելտա» շտամի տարածումը նոր սահմանափակումների պատճառ է դարձել: Սիդնեյ քաղաքում լիակատար լոքդաուն է: