Ծաղկի և բույսի տոն. այդպես են կազմակերպիչներն անվանում «Հայբույս» փառատոնը, որն ամեն տարի հունիսին անցկացվում է Ենոքավանում: Յոթ տարվա պատմություն ունեցող փառատոնը Հայաստանի բուսական աշխարհի չգնահատված պաշարների ճանաչողության քարոզչություն է:
Իրինա Չիբուխչյան («Հայբույս» փառատոնի կազմակերպիչ) - Փառատոնը ցույց տվեց, որ այս բոլոր տարիներին մենք գնում էինք ճիշտ ճանապարհով, որովհետև մեր նպատակն է ուշադրություն գրավելը դեպի Հայաստանի վերականգնվող պաշարները` ծաղիկներն ու խոտաբույսերը, որ դրանք կարելի է օգտագործել ոչ միայն թեյի կամ խոտի դեզի, այլև` շխնարարության և զարդարանքի համար:
Բազմաթիվ հյուրերին ու զբոսաշրջիկներին նախ դիմավորում են դաշտային ծաղիկներից պսակ հյուսող տեղաբնակ կանայք.
Անժելա Նիյազյան (Ենոքավան գյուղի բնակիչ) - Ծաղկեպսակներ ենք գործում, նվիրում հաճախորդներին, ցանկացողները կարող են սովորել էստեղ:
Երևանից Հասմիկն ամեն տարի նոր ծաղկային գորգով է մասնակցում փառատոնին, այս անգամ էլ ձևավորման համար մրցանակ ստացավ:
Հասմիկ Հովհաննիսյան (Երևանի բնակիչ) - Անցած տարի դաշտային ծաղիկներով կոմպոզիցիա է եղել, այս տարի որոշել ենք վարդերով` վայրի և ոչ վայրի:
Տաղավարների գունեղ ներկապանակում նաև Հայաստանի տարբեր վայրերի համ ու հոտն էր` թեյերի, տարբեր արտադրանքի տեսքով, ձեռագործ աշխատանքներով՝ համեմված իջևանյան բարբառի կոլորիտով.
Իրինա (մենեջեր) - «Էտ ա լավ ա, որ տյու ըստի ես». նշանակում է՝ լավ է, որ էստեղ ես, ուրախ ենք քեզ համար, մենք ոգևորում ենք և ոգևորում ենք մեր շրջանը:
Փառատոնն ավանադաբար ուղեկցվում է երգ ու պարով, Իջևանի և Դիլիջանի պարային խմբերի ելույթներով, մրցույթներով և վարպետության դասերով: Սուսաննան առաջին անգամ է այս փառատոնում, իրենց տաղավարում ցուցադրում էր հայկական ավանդական արիշտան, ոչ ավանդական գույներով:
Սուսաննա Եղիազարյան («Թյուրիթյուր-արիշտա» կազմակերպության տնօրեն) - Գույները ստանում ենք գազարից, բազուկից նեխուրից, սպանախից:
Փառատոնի ակորդը խաղաղության ավանդական բրդուճն էր, ըստ մասնակիցների, նաև աշխարհում ամենաերկարը: