Պատերազմից հետո Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի փուլն ավարտված է, վերջակետն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էին: Քաղաքական վերլուծաբան Գոռ Մադոյանն այս համատեքստում է պայմանավորում, որ հետընտրական զարգացումները կոշտ չեն:
Գոռ Մադոյան, քաղաքական վերլուծաբան - Քանի որ քաղաքական ճգնաժամի հիմնական մեխն իշխող թիմի լեգիտմության կասկածն էր, անկումն էր հատկապես պատերազմից հետո, այս ընտրություններն ու լեգիտմության հաստատումը բավականին պատկառելի քվեի արդյունքում, հաստատում են, որ կա լեգիտիմության վերականգնում և կարող են խորհրդարանական գործիքներով լուծել այդ ճգնաժամը:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը ստեղծված իրավիճակի համար այլ բնորոշում ունի: Դասական իմաստով՝ Հայաստանում անգամ պատերազմից հետո քաղաքական ճգնաժամ չի եղել՝ ասում է Վարդանյանը, նկատում՝ քանի որ խորհրդարանական երկրում քաղաքական ճգնաժամ է համարում կառավարության ձևավորման անհնարինությունը կամ գործող քաղաքական մեծամասնության փլուզումը, երկուսից որևէ մեկը Հայաստանում չի եղել:
Էդգար Վարանյան, քաղաքագետ - Պատերազմից հետո քաղաքական լարվածություն էր առաջացել, և տարբեր քաղաքական ուժեր ու ինտիտուների ներկայացուցիչներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Փորձագիտական դաշտի համոզմամբ՝ քաղաքական մթնոլորտը հուշում է, որ իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարը փողոցից կտեղափոխվի Ազգային ժողովի հարթակ, որովհետև դաշտի հիմնական խաղացողները խորհրդարանում են:
Գոռ Մադոյան - Մոտակա ժամանակաշրջանում երևի թե փողոցային պայքարի ականատես չլինենք, և խորհրդարանը կլինի այն հիմնական թատերաբեմը, որտեղ քաղաքական ուժերը խորհդարանական գործիքներով կպայքարեն իրար դեմ, այլ ոչ թե ուժային մեթոդներով կփորձեն մեկը մյուսին իր կամքը թելադրել:
Ժողովորդավարական երկրների օրենսդիր մարմիններին հատուկ առողջ բանավեճի ակնկալիք չկա՝ ասում են քաղաքագետները: Բացատրում՝ ընդդիմության նպատակը լինելու է բացառապես իշխանությանը հարվածելը:
Էդգար Վարանյան - Ի դեմս նոր խորհրդարանական ընդդիմության՝ ունենք հակառեժիմային ընդդիմություն, այսինքն՝ դրանք այն ուժերն են, որոնք խորհրդարանական ամբոինը փորձելու են օգտագործել իրենց նեղ քաղաքական շահերի համար: Նրանք հակված չեն լինելու ինչ-որ կերպ համագործակցել իշխող ուժի հետ, հակված չեն լինելու նորմալ բանավեճի մեջ մտել:
Իշխանություն հետ առողջ բանավեճի ավելի մեծ ռեսուրս կա արտախորհրդարանական ուժերի հետ: Մասնագետների համոզմամբ՝ այս հարցում կնպաստի նաև հաղթած ուժի ղեկավարի կողմից խորհրդարան չանցած ուժերին արված համագործակցության առաջարկը: