2021 թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ՝ ծնված 1998 թ.:
Իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի համագյուղացին է՝ 26 տարեկան:
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ երեկոյան, «Արամուս» սուպերմարկետի մոտ, անձնական հարցի շուրջ նախկինում ունեցած լարված և թշնամական հարաբերությունների պատճառով, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել տուժողի, նրա ընկերների և 26-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով մի քանի անգամ հարվածել է համագյուղացուն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում կատարվել են առերես հարցաքննություններ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի շեղբի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:
26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: