2021 թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և, որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցներ վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: