Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 147 հասցում գտնվող վարկային կազմակերպությունն ավազակային հարձակման է ենթարկվել: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն էլ 1lurer.am-ին դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդեց:
Դիմակավորված անձն առավոտյան ժ. 11:00-ի սահմաններում ուրիշի գույքը հափշտակելու նպատակով մուտք է գործել «Կրեդո» վարկային կազմակերպություն և ատրճանակի նմանվող գործիքի գործադրմամբ սպառնացել աշխատակիցներին՝ պահանջելով գումար:
«Այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից անձամբ հափշտակել է 2.730.900 դրամ ու դիմել փախուստի: Որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խոշոր չափով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Թադևոսյանը: