Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այսօրվա դրությամբ մենք ունենք արդեն 90 հազար տոննայի արտահանում՝ պտուղ-բանջարեղեն. թարմ-թարմ:
Էկոնոմիկայի նախարարությունում ոգևորված են․ արտահանված ծիրանի, լոլիկ-կարտոֆիլի ու սեզոնային մյուս գյուղմթերքի ծավալն արդեն իսկ կրկնակի գերազանցել է նախորդ տարվա նույնատիպ ցուցանիշը, բայց ավելանալու տեղ դեռ կա։ Ըստ վերլուծության՝ Հայաստանում աճեցվող պտուղ-բանջարեղենի մոտ 18 տոկոսը մթերում են վերամշակողները։ Երկրից դուրս վաճառքի է ուղարկվում բերքի մոտ 9 տոկոսը, մնացած 70 տոկոսից ավելին մնում, հաճախ փչանում է տեղական շուկայում։ Ներքին սպառման հաշվին արտահանումն ավելացնելու նպատակով պետությունն իր անտոկոս վարկերից առաջին անգամ նաև գյուղմթերք արտահանողներին կտա․ ընդհանուր մոտ 30 մլրդ դրամի ծրագիր է բացում՝ բիզնեսին տեղեկացնում է փոխնախարար Խոջոյանը։
Արման Խոջոյան - Արտահանողները կարող են արդեն մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ ձեռք բերել՝ ֆերմերներից հումքը ձեռք բերել արտահանման նպատակով։
Որոշումն ընդունվել է Կառավարության վերջին նիստում։ Գործադիրը միրգ-բանջարեղեն, նաև շինշիլայի մորթ արտահանողներին ընդգրկել է նույն այն ծրագրում, որով վերջին տարիներին այսպես ասած պարտք՝ անտոկոս գումար էր տալիս մթերողներին, ինչպես ֆերմերից ընդունած ապրանքի փողը վճարելու, այնպես էլ՝ պահածոյացմանն անհրաժեշտ ապակե տարա, կափարիչ, մրգային պյուրեները երկարաժամկետ պահելու նպատակով ասեպտիկ փաթեթներ կամ գինու շիշ-խցան ձեռք բերելու համար։ Տրամադրվող վարկի չափը 1,8 մլրդ-ից հասցվել է 3 մլրդ-ի։ Բանկերում բիզնեսի ունեցած գրավի խնդիրը մեղմելու նպատակով պետությունն իր վրա նաև վարկային երաշխիքի բեռ է վերցնում։
Արման Խոջոյան - Առաջին անգամ այս ծրագրի չափով վերամշակողներին կտրամադրվի երաշիիք՝ գրավադրվող միջոցները կիսով չափ քիչ ներգրավելու համար:
Խոջոյանը վստահ է՝ ծրագրի արդյունքը երկար սպասել չի տա։ Նախորդ աշնանը, երբ փորձնական միայն խաղող արտահանողներին անտոկոս վարկ առաջարկեցին, երկրից դուրս ուղարկվեց՝ վերջին տարիների միջին 10-12 հազարի փոխարեն, միանգամից 24 հազար տոննա։ Պտուղ-բանջարեղենին զուգահեռ, ի դեպ, մեծ ակնկալիքներ կան նաև թանկարժեք մուշտակների հայկական հումքի դեպքում: Ըստ մաքսայինի՝ անցած տարի ընդամենը 900 շինշիլայի մորթի է արտահանվել, այն դեպքում, երբ մինչև 20 հազար հատի պոտենցիալ կա։