Հունիսի 22-ին՝ կեսգիշերն անց, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում չէր ստացվել։ Քրեական հետախույզներն իրենք էին պարզել եղելությունն ու հայտնաբերել կասկածյալին։
Հունիսի 24-ին տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդի քաղաքի 36-ամյա մի բնակիչ Ջրավազանի և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում ինքնաձիգից կրակահերթ է արձակել։ Խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով 36-ամյա տղամարդը, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Թումանյանի բաժին։
Պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում, առանց պատճառի, «Ալավերդի» բժշկական կենտրոնի մոտ «Մերսեդես» մակնիշի իր մեքենայի սրահից չորս անգամ օդ էր կրակել, իսկ րոպեներ անց մի կրակոց էլ արձակել էր Սանահին կայարանում։ Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ ինքնաձիգը ձեռք էր բերել 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ինքնաձիգը հայտնաբերվել և առգրավվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: