2021 թվականի հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կենտրոնական և շրջանային ստորաբաժանումների ահազանգման կենտրոններում գրանցվել է 827 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում զգալիորեն աճել են հրդեհի մասին ստացված կանչերը:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 29 կանչ, որոնց մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկ տաածքներում՝ բնակչության ազգուշության պատճառով: Մարտունու շրջանում այրվել է մոտ 5 հա գարու և ցորենի արտ:
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում: Ուստի բնակչությանը հորդորում, միաժամանակ կոչ ենք անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, որից նույնիսկ աննշան շեղումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:
Անցած 7 օրվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 3 կանչ է գրանցվել: Փրկարարները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները ժամանակին կատարել են փրկարարական աշխատանքներ և տուժածներին տեղափոխել բուժհաստատություններ: Տուժել է 11 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը բավարար է:
Ծառայության սակրավորական ջոկատներն անցած շաբաթվա ընթացքում Արցախի շրջաններում իրականացնել են ականազերծման աշխատանքներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է նռնականետի 7 նռնակ, կասետային 87 հրթիռ, ականանետի 2 ական և փոքր տրամաչափի 7 զինամթերք:
Փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը: Շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 53 կանչ է գրանցվել, այդ թվում՝ ջրամատակարարման, դռան և վերելակի բացման, հիվանդների տեղափոխման և այլ տեխնիկական օգնության վերաբերյալ:
Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ճգնաժամային կառավարման կենտրոնում օձի հայտնաբերման մասին ստացվել է 6 կանչ: Փրկարարները սողուններին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածքներ:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացնում են զոհված զինծառայողների աճյունների որոնումներ: Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է ևս 4 աճյուն: Ընդհանուր առմամբ զինադադարից հետո տարհանվել է 1585 աճյուն: