Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նոր կրթա-քարոզչական ծրագրի առաջին հյուրերը Երևանի 99-րդ դպրոցի աշակերտներն են: «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» քառալեզու անիմացիոն ֆիլմը ներկայացնում է կոմպոզիտորի՝ աշխարհի 5 տասնյակ երկրներում ճամփորդությունների խճանկարն ու այնտեղ տեղի ունեցած զարմանալի պատմությունները:
Դեռ երեք տարի առաջ թանգարանը ստեղծեց նույնանուն քառալեզու բջջային հավելվածը, որը ներկայացնում էր դարի երևելիների հետ Խաչատրյանի հանդիպումները: Այս շարքում Հռոմի պապն է, որը դիվանագիտական շփումների բացակայության պայմաններում ընդունեց ԽՍՀՄ առաջին քաղաքացուն, Մոնակոյի իշխանն ու Գրեյս Քելլին, Չապլինն ու Ունան և Կուբայում հանդիպումը Հեմինգուեյի և նրա կնոջ հետ: Բոլոր այս պատմություններն այժմ ներկայացվում են երեխաներին հասկանալի ու գրավիչ անիմացիայի լեզվով: Դպրոցները նախապես հայտավորում են աշակերտների այցը:
Երեխաների համար անիմացիոն պատումը իսկական հայտնությւների շարք է, շատերն առաջին անգամ են հանդիպում նախորդ դարի մեծերին ու հետաքրքրությունը շատ մեծ է:
Թանգարանի աշխատակից Աննա Ասոյանի հեղինակային ծրագիրն իրականացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ. առաջիկայում այն համացանցում հասնելի կդառնա ամբողջ հանրությանը: