Հայաստանում ֆրանսիական համալսարանը մի քանի տարի է, ինչ ռազմավարական գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ առաջարկում է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բակալավրիատի ծրագիր։ Այս ծրագիրն իրականացվում է Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի, Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ սերտ համագործակցության արդյունքում։
2021թ․ հունիսի 9-ին այս համագործակցության շրջանակում ՀՖՀՀ-ի և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի միջև «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկն ազդարարող նոր համաձայնագիր է կնքվել։ 2020 թվականի դեկտեմբերին համալսարանը որոշեց զարգացնել տեխնոլոգիական ոլորտում կրթության առաջարկը, և 6 ամսվա ընթացքում մշակվեց ինժեներական կրթության նոր ծրագիր։ Այս ծրագիրը միտված է զարգացնելու տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ կրթությունը ՀՖՀՀ-ում։
Ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը նշել է․ «Մագիստրոսական այս ծրագիրը համահունչ է տեխնոլոգիական վերջին զարգացումներին, այն ՀՖՀՀ-ի, այսինքն՝ նաև Ֆրանսիայի կողմից կարևոր ներդրում է՝ ի շահ Հայաստանի։ Մենք մշակել ենք այս առաջարկը՝ հաշվի առնելով Հայաստանի արդյունաբերական ոլորտի կարիքները, հավատարիմ մնալով Հայաստանի հետ 20 տարի ի վեր ունեցած մեր համագործակցության տեսլականին»։
Ֆրանսիայի «վարդագույն քաղաքի»՝ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանն է: Աշխարհի լավագույն համալսարաններից 45-րդն է: 3 տարուց ավելի է մեր երկրում հայ ուսանողներն ստանում են կրկնակի պետական դիպլոմներ՝ հայկական և ֆրանսիական: Այս տարվանից կկարողանան նաև «Արհեստական բանականության» մագիստրոսներ դառնալ՝ Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Համադեկանը Հայաստանում արդեն 3-րդ անգամ է: Սեպտեմբերից մեկնարկող մագիստրոսական ծրագրի 2-րդ տարին համակարգչային տեսողություն կդասավանդի:
Ալեն Կրուզիլ, Ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ - Գիտահետազոտական այս ինստիտուտը Ֆրանսիայում ինֆորմատիկայի հետազոտությունների գծով ամենամեծն է: Մագիստրոսական այս ծրագրի ընթացքում ուսանողները կմասնագիտանան արհեստական բանականության այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են թվային պատկերների մշակումը, համակարգչային տեսողությունը, 3Դ գրաֆիկայի աուդիո-վիդեո վիզուալ բովանդակության վերլուծությունը, պատկերի համադրումը: Կսովորեն նաև համակարգչային չաթբոտերի լեզվի թարգմանություն և այլն: Շատ անհամբեր եմ կրկին Հայաստան գալու և իմ ապագա ուսանողների հետ հանդիպելու համար:
Դավիթ Սահակյան, ՀՀ ԲՏԱ փոխնախարար - Տարբեր գնահատականներ ունենք, թե ոլորտի մասնագետների որքան պահանջարկ կա: Այդ պահանջարկի բավարարման համար սա ևս մեկ քայլ է համապատասխան մասնագետներ պատրաստելու և թույլ չտալու, որպեսզի ներուժը և ֆինանսավորումը գնան այլ երկրներ: Այս մագիստրոսական ծրագրի ստեղծումը ևս մեկ ներդրում է էկոհամակարգի, Հայաստանում ստարտափների զարգացման առումով:
Ուսանողները նաև գործնական դասեր կանցնեն տարբեր ընկերություններում: 2 ամիս՝ առաջին կուրսում, 5-6 ամիս էլ՝ 2-րդում: Գուցե փորձի փոխանակման հնարավորություն լինի նաև Ֆրանսիայում:
Բերտրան Վենար, ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր - Մենք աշխարհի տարբեր ծայրերում գործընկերներ ունենք, որոնց հետ նախատեսում ենք իրականացնել մեր գործնական դասերը: Երևանում մեր պատրաստած բացառիկ մասնագետների կարիքն իսկապես կա: Մեր նպատակն է նաև բացահայտել Հայաստանի ներուժը, և այդ ճանապարհին ուսանողներին տարբեր սոցիալական կրթաթոշակներ ենք առաջարկում՝ ուսման վարձը վճարելու համար:
Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը ֆրանսերենը համարում է ուղեղը ճիշտ կառուցելու լեզու: Մասնագիտական դասերը թեև անգլերեն են, բայց ֆրանսերեն սովորելը բոլոր ուսանողների համար կլինի պարտադիր: Կընդունեն նաև դրսի դիմորդների: Ընդունելության համար համալսարանի ռեկտորն ասում է՝ պետք է դիմել Ֆրանսիական համալսարան: