Ապօրինի քրեական հետապնդման ենթարկվող հայ ռազմագերիների մասին հայտարարությամբ է հանդես եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմաբ մինչ օրս Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ։
ՀՀ կառավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է և այժմ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ ներկայումս Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձինք հանդիսանում են ռազմագերիներ և առևանգված քաղաքացիական անձինք և օգտվում են 1949 թ. Ժնևի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։ Գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որևէ իրավական հիմքից և բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։
Ավելին՝ Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման ողջ գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմնարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպտագույն խախտումներով։
Մասնավորապես՝ թե´ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և թե´ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո քրեական հետապնդման ենթարկվող անձինք պետք է օգտվեն արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներից, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, պաշտպանել իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, օգտվելու թարգմանչի անվճար ծառայությունից և այլն։ Նշված իրավական պարտադիր երաշխիքները, ակնհայտորեն խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը բազմիցս հավաստվել է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում նաև՝ ՄԻԵԴ-ի կողմից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, վերջիններիս ազատ արձակելու կամ նրանց իրավունքները այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։ Սակայն, նկատի ունենալով, որ ՄԻԵԴ իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը Դատարանի Կանոնների կանոն 39-ի ներքո միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի և կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ՄԻԵԴ-ը զերծ է մնում տվյալ անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։
Վերոնշյալի հաշվառմամբ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայումս իրավասու պետական մարմինների և շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում հնարավոր արդյունավետ գործիքազմներին դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականցվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որևէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։
Միաժամանակ նկատի ունենալով, որ ընթացող միջազգային իրավական գործընթացները կրում են բարդ և բազմաշերտ բնույթ, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած պատեհ-անպատեհ առիթ փորձելու են օգտագործել իրենց կողմից նախաձեռնված շինծու քրեական հետապնդումները «օրինակացնելու» նպատակով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց և/կամ իրավապաշտպան կազմակերպությունների հետ և կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել Գրասենյակի հետ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով խնդրի գերզգայնությունն ու հույժ կարևորությունը՝ հորդորում ենք հնարվորինս զերծ մնալ թեմայի ավելորդ անգամ շահարկումներից և հարցի շուրջ հրապարակային քննարկումներից»,- ասված է հայտարարության մեջ։