Ադրբեջանը հաստատում է 60 զինծառայողի և քաղաքացիական անձի գերեվարման փաստը: 44-օրյա պատերազմից ի վեր Եվրադատարան է ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին 280 դիմում. 144-ը ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը, 136-ը անհատական գանգատներ են:
Լիպարիտ Դրմեյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Ունենք 142 անձի հետ կապված դիմում, որոնց վերաբերյալ Ադրբեջանի կողմից հստակ ինֆորմացիա չի տրամադրվել, այսինքն՝ չեն հաստատվել, որ այդ դիմումներում նշված անձինք Ադրբեջանում գերության մեջ են:
Գերեվարված անձանց դեմ հարուցված քրեական գործերը զուրկ են որևէ իրավական հիմքից, հակասում են միջազգային իրավական նորմերին: Կեղծ մեղադրանքներով քրեական հետապնդման գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության երաշխիքների կոպիտ խախտումներով:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ - ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում հնարավոր արդյունավետ գործիքակազմի դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որևէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը հորդորում է զերծ մնալ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ապօրինի դատապարտվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից՝ հաշվի առնելով խնդրի գերզգայունությունը:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ - Նկատի ունենալով, որ միջազգային իրավական գործընթացները բարդ և բազմաշերտ բնույթ ունեն, Ադրբեջանը պատեհ-անպատեհ առիթ փորձելու է օգտագործել շինծու քրեական հետապնդումները «օրինականացնելու» նպատակով՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու խնդրով շահագրգիռ իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց, իրավապաշտպան կազմակերպությունների հետ և կոչ անում նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և համաձայնեցնել Գրասենյակի հետ։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՎՃԻՌՆԵՐ ԿԼԻՆԵՆ. ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Բաքվի դատարանը հրապարակել է հայ ռազմագերիների մեղադրական եզրակացությունը. 14 հայ գերիներին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում: Արա Ղազարյանը նշում է՝ ոչ թե դատավարություն, այլ իմիտացիա է: Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի յուրաքանչյուր խախտումը դատավարությունը դարձնում է անիրավաչափ:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Ադրբեջանը չի կարողանալու ապացուցել միջազգային հանրությանը, Եվրադատարանին, որ այս իրավունքները տրամադրել է: Չի էլ կարող, որովհետև հենց տրամադրեց, գործը փլվելու է, պարզվելու է՝ սին է, լեգենդ, առ ոչինչ փաստերի վրա պատմություն է:
Սերգեյ Ղազինյան (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական) - Ադրբեջանը շարունակում է խախտումներ, դատավարություն, բոլոր իրադարձութուններն օպերատիվ ռեժիմով ներկայացվում են միջազգային կառույցներին: Արձագանքը լինում է:
Ադրբեջանը հասկանում է՝ որքան ձգձգի դատավարությունները, այնքան իրավիճակն իր դեմ է աշխատելու: Արա Ղազարյանը վստահ է՝ Ադրբեջանի դեմ լինելու են վճիռներ, և գուցե այդ վճիռներն էլ լինեն ճնշող մեխանիզմը, որ Բաքուն որոշի գերիներին արտահանձնել Հայաստանին:
Բայց գործը դրանով չի ավարտվի. փաստաբանը համոզված է՝ դատավարության ֆարսի վերաբերյալ Ադրբեջանի համար բացվելու են նոր խնդիրներ: