ԿԸՀ-ն այսօր հրապարակեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը ձևավորող ընտրության վերջնական արդյունքը: Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր՝ մանդատների հետևյալ բաշխվածությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» 71 մանդատ, «Հայաստան» դաշինք 29 և «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ:
Ընդ որում, «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել դաշինքի համար անհրաժեշտ նվազագույն 7 տոկոսանոց շեմը, բայց հայտնվել է խորհրդարանում՝ Սահմանադրության պահանջով: Մայր օրենքի համաձայն, եթե անցողիկ շեմը հաղթահարել է երկու ուժ, խորհրդարանում է հայտնվում նաև երրորդ առավելագույն ձայն հավաքված կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը:
68, 28, 7 նախնական հարաբերակցությունը փոխվեց ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխումից հետո: Ռուս, քուրդ ու եզդի ազգերին ներկայացնող մեկական պատգամավոր մանդատ կստանա ՔՊ-ի ցուցակով, ասորիները ներկայացված կլինեն կրկին մեկ պատգամավորով՝ «Հայաստան» դաշինքի ցուցակով:
Ըստ ԿԸՀ հաշվարկի, «Քաղաքացիական պայմանագիրն» այսպիսով ստացել է ԱԺ մանդատների 2/3-ից ավելին: Դա նշանակում է, որ իշխող խմբակցությունը կարող է անգամ սահմանադրական օրենքներն անցկացնել առանց ընդդիմության աջակցության:
ԿԸՀ-ն այսօրվա նիստում մերժեց ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «Զարթոնք» քաղաքական ուժերի պահանջը: