Բրածո կոնը գտել են երկրակեղևի շերտերից, 210 մլն տարեկան է: Հնէաբուսաբանության բաժնի պահոցի ամեն հատվածում գտածոներ են՝ հին օրերից մինչև հիմա: Այստեղ ուսումնասիրում են հնագույն ժամանակների բուսաբանությունը, բույսերը, լանդշաֆտը, կենդանական աշխարհը: Խոսքը միլիոնավոր տարիների մասին է: Ժայռաբեկորներին դրոշմված բուսատեսակները հատուկ ցուցադրության համար են. մասնագետն ասում է՝ ապակու տակ ավելի քան 200 մլն տարվա Հայաստանի հնագույն բուսականությունն է:
Ապարաշերտերի մեջ պահպանված օրգանիզմների բրածոները, դրանց կենսագործունեության հետքերը, բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիան և կարգաբանությունը Հայաստանում երկար տարիներ ուսումնասիրել է Արմեն Թախտաջյանը: Իվան Գաբրիելյանը, թիմի հետ, եղած գտածոները դասակարգել է ըստ դարաշրջանների, և շարունակում են գիտնականի գործը: Որպես գերխնդիր՝ գտնում են հնագույն ժամանակաշրջանի բուսատեսակներ, որոնք եղել են Հայաստանի տարածքում, հիմա չկան: Զուգահեռ գտնում են նաև տարածքները, որոնք սկիզբն են տվյալ բուսատեսակի:
Հայաստանում եղել է դարչին, բազմաթիվ ծառատեսակներ, որոնց հետքերը գիտական խմբերը գտել են երկրաբանական շերտերում: Այն, ինչ հայտնաբերում են նստվածքային ապարներում, խնամքով պահում են հատուկ դարակներում: Կենսաբանական գիտությունների թեկնածուն ասում է՝ մի զարմացեք, Հայաստանը չի եղել այնպես, ինչպես հիմա է:
Հետազոտությունները թույլ են տալիս հաստատել, որ Հայաստանը ջրային տարածքից դարձել է ցամաք, ունեցել այլ լանդշաֆտ: Որպես օրինակ ցույց է տալիս Դիլիջանի ֆլորան, ուսումնասիրել և պարզել են՝ այստեղ եղել է մերձարևադարձային բուսականություն:
Իվան Գաբրիելյանը անհերքելի փաստ է համարում անգամ դինոզավրերի առկայությունը Հայաստանում: Նրանց գտածո ոսկորները Սանկտ Պետերբուրգում են: Առանձին ուսումնասիրում են այն տեղավայրերը, որտեղ, ըստ մասնագետի, ընդերքային խոր շերտերից կգտնեն նոր մնացորդներ:
Ի՞նչ կտա հնէաբուսաբանությունը այսօրվա զարգացող աշխարհին: Կենսաբան Գաբրիելյանն ասում է՝ նյութական՝ գուցե ոչինչ, բայց սա կարևոր հիմք է՝ հասկանալու Հայաստանի սկիզբը, միևնույն ժամանակ ճանապարհ է, որը բացահայտում է բնության պատմությունը:
Գիտական այս ուղղությամբ ճիշտ է, ոչ մեծ թվով, բայց հետաքրքրված են երիտասարդ գիտնականներ՝ այստեղ հետազոտություններ են կատարում, ինչն էլ դառնում է ատենախոսության թեմա: Չի թաքցնում՝ գուցե եկամտաբեր ուղղություն չէ, բայց այստեղ աշխատում են մարդիկ, որոնց համար հնէաբանությունը ավելի մեծ արժեք է: