Գեղամա գեղեցկուհին պատրաստվում է սեզոնի բացմանը: ԱԻՆ-ի Սևանի ջրափրկարարները վերջին վարժանքներն են անցկացնում. հուլիսի 1-ից ապահովելու են քաղաքացիների անվտանգ հանգիստը: Հատուկ ջրափրկարարական ջոկատները շուրջօրյա հերթապահություն են իրականացնելու Սևանա լճի հանրային չորս լողափում.
Երվանդ Նավասարդյան, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ - Այն հատվածներում, որտեղ հերթապահություն չի իրականացվում, կոնկրետ տնտեսվարողները, տվյալ լողափի տերերն են զբաղվում: Հրահանգված է, որ ափերին տեղակայեն լողանշաններ, որպեսզի խուսափենք դժբախտ պատահարներից:
Իսկ դժբախտ պատահարներից այս տարի խուսափել հնարավոր չի եղել. մինչև սեզոնի բացումը Սևանում ջրահեղձ է եղել երկու քաղաքացի, 2020-ի ամբողջ սեզոնի ընթացքում՝ խեղդվել 5-ը: Փոխգնդապետ Նավասարդյանի խոսքով՝ ջրափրկարարներն այդ դեպքերը նվազագույնի հասցնելու համար հնարավոր ամեն բան անում են, քաղաքացիներին էլ հորդորում ուշադիր լինել:
Երվանդ Նավասարդյան - Խմած, կուշտ կերած չմտնել ջուրը: Հիմնականում ջրահեղձության դեպքերն ի հայտ է գալիս կուշտ կերած մարդկանց մոտ: Ջուրը սառն է, սպազմ է տեղի ունենում իրենց մոտ և ջրահեղձվում են:
Գեղամա լճում այս տարի ԱԻՆ-ն անվտանգության կանոնները կհիշեցնի նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով: Նավասարդյանը հորդորում է լողալ միայն վերահսկվող, սահմանազատված տարածքներում և սթափ վիճակում:
Սեզոնը դեռ չի սկսել, բայց մարդկանց հոսքը Սևան չի դադարում: Ընտանիքով, ընկերներով հանգստացողներին անգամ սառը ջուրը չի խանգարում: Լավ երաժշտություն, բարձր տրամադրություն, խորոված և Գեղամա գեղեցկուհու գրկում հանգիստն ապահովված է: Պարտադիր պայման է նաև թերակղզի այցելելը, այստեղ արդեն հուշանվերների լայն ընտրանիով սպասում են զբոսաշրջիկները:
Մելիք Խաչատրյան - Հիմնականում վաճառվում են լուսնաքարով վզնոցները, մագնիսները: Տուրիստ կա՝ դուդուկ է գնում, տուրիստ կա՝ ափսեներ:
Սևանա լճի մակարդակն օրեցօր բարձրանում է: Ափին կից ծառերն ու տնակները, անգամ դեպի Վարդենիս մայրուղին տեղ-տեղ հայտնվում են ջրի տակ։ Շինարարներն արդեն մի քանի ամիս է լճից քարը հանում, արհեստական պատնեշ են կառուցում:
Սևանի մակարդակի բարձրացմանը զուգահեռ՝ կարևոր խնդիր է նաև ջրի տակ հայտնվող տարածքների մաքրումը շենք-շինություններից և բուսածածկույթից։ Մաքրում են նաև ճահճացած հատվածներն ու ափերը:
Երվանդ Նավասարդյան - Շատ տարածքներ, լողափեր ջրածածկ են հիմա, ջրի բարձրացման հետ կապված մնացել են ջրի տակ: Սևան ազգային պարկի կողմից կատարվել է ափերի մաքրում, հիմնականում կտրվել են ծառերը:
Ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալն ակտիվ հանգստի սիրահարներին հորդորում է լողափի տարածքը մաքուր պահել, հակառակ դեպքում հանրային տարածքն ախտոտելու համար ստիպված կլինեք մինչև 50 000 դրամ տուգանք վճարել։