Լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի, պղպեղի վնասատու հարավամերիկյան ցեցը Արարատյան դաշտում բազմացման ակտիվ փուլում է: Մասնագետները հորդորում են առանց հապաղելու, հետագա վնասները կանխելու համար հենց հիմա դաշտերը սրսկել:
Աշոտ Ղարիբյան (Մասիսի տարածաշրջանի բուսասանիտարիայի մասնագետ) - Այն ուտում է և՛ վեգետատիվ մասսան, և՛ գեներատիվ, այսինքն՝ պտուղները:
Բուսաբուծության և բույսերի պաշտպանության ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը արդեն ձեռք է բերել և հանրապետության տասը մարզերում տեղադրել է շուրջ 700 ֆերոմոնային թակարդ: Դրանով հնարավոր է վերահսկել ոչ միայն լոլիկի, այլև խաղողի ու խնձորի այգիներում վնասատու ցեցի տարածումը;
Նորիկ Բարսեղյան (Անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետի տեղակալ) - Թրթուռ հասակում պայքար է կազմակերպվում նրա դեմ, և այդ ժամանակ սրսկվում է նաև այդ բերքի վնասը, հասցվում է նվազագույնի:
Հարավամերիկյան ցեցը Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվեց 2011-ին Ղուկասավան համայնքում, կարտոֆիլի ցանքատարածքներում: Հաջորդ տարի ցեցով վարակվեց Մասիսի տարածաշրջանը, այնուհետև տարածվեց Տափերականում ու ընդգրկեց Արարատի ամբողջ մարզը:
Աշոտ Ղարիբյան - Ցեցը հարվամերիկյան վնասատու է, Հայաստան է եկել Եվրոպայից Թուրքիայով, մտել Հայաստան ներկրվող լոլիկի հետ: Եթե դրա ձվերը, թրթուրը չգար Հայաստան, բնականաբար, այստեղ չէր կարող հայտնվել:
Ֆերոմոնային թակարդները դաշտում ծառայում են որպես բուժում սկսելու ցուցիչ: Առանց դրա մարդիկ մի քանի բուժում էին անում, լոլիկի ինքնարժեքը բարձրանում էր, բիզնեսի տեսանկյունից մշակաբույսը դառնում էր ոչ եկամտաբեր:
Մի քանի տարի փորձարկելուց հետո մասնագետները համոզվել են՝ ֆերոմոնային թակարդների շնորհիվ գյուղացու բերքն ավելի պաշտպանված է: